Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդգծում է, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու համար կա ապացույցների բավարար համակցություն: Սասուն Խաչատրյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն, այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին որպես մեղադրյալ ներգրավել և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դուք գիտեք, որ դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Դատարանը խափանման միջոց կիրառելիս, հատկապես կալանքի դեպքում, պատասխանում է երկու հարցի՝ կա՞ խափանման միջոց կալանք կիրառելու պայմանը, այսինքն՝ հիմնավոր կասկածը և կա՞ խափանման միջոցի հիմքը, այսինքն՝ խուսափելու, քննությանը խոչընդոտելու հիմքերը: Դատարանը գտել է, որ առկա է և՛ պայմանը, այսինքն՝ հիմնավոր կասկածը, և՛ հիմքը: Այսքանից ավել չեմ ցանկանում ոչինչ ասել՝ ելնելով նախաքննության շահերից»,- ասաց Խաչատրյանը:
Հարցին, կարո՞ղ ենք ասել, որ սա կբերի նաև 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած մյուս սպանությունների բացահայտմանը ևս, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ես հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի»: