ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին այսօր դարձյալ չէին ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է կայանար Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։
Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գրությունն առ այն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, նա չի կարող մասնակցել նիստին և ըստ գրության՝ Մանվել Գրիգորյանը 24 ժամվա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:
NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, նշեց, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել ամուսնուն, և որ նրա վիճակը վատ է։
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօերնի տեղակալ Պետրոս Մանուկյանը նշել էր, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն ծանր է:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հունիսի 6-ին ՔԿՀ-ում կտրուկ վատացել է նրա առողջական վիճակը և նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: