Քիչ առաջ սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ։
Ոստիկանները նշված գյուղի տներից մեկի հյուրասենյակում և հողամասում հայտնաբերել են դիերը։ Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատում են նաև փորձաքրեագետները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը տեղում դիակների զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ Ժ. Հակոբյանը սպանված Ջ. Մարտիրոսյանի ամուսինն է, իսկ Ս. Մարտիրոսյանը՝ նրա կնոջ եղբայրը, ով նշված անձանց սպանել է հրացանով։
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: