Գրական և ժողովրդական խոսքում «անել» բայով ճիշտ և ընդունելի բառային բազմաթիվ միավորներ ունենք․ բանաստեղծը կարող է միտք անել, բանվորը՝ գործ, խաբեբան՝ իրենով անել, իսկ գիտնականը կարող է փորձեր անել ու, ի վերջո, գյուտ անել։ Բեմադրիչը, սակայն, չի կարող ներկայացում անել։
Բերենք օրինակներ մամուլից՝ «Շատ էի ուզում այսպիսի ներկայացում անել», «Մտածում եմ անել ընթերցանություն-ներկայացում», «Մտադիր ենք Աղասի Այվազյանի հեքիաթների հիման վրա ներկայացում անել»։
Այսպես բեմադրիչն էլ ասում է, որ ֆիլմ է անելու: Հեռուստալրագրողները խոսում են իրենց արած հաղորդման մասին, նրանց գործընկերները՝ արած նախագծերի, մեկ ուրիշը՝ նոր ծրագիր անելու:
Կարելի է կարծել, թե մեր լեզվում ուրիշ բառեր չկան, և ինչ էլ լինի՝ ներկայացում, ֆիլմ թե հաղորդում, հնարավոր է միայն «անել»: Այդպես որոշ բառեր «գերիշխող» դիրք են ստանում, դուրս մղում հոմանիշներին, իրենց համարժեքներին կամ համապատասխան այլ բառերի և անհարկի գործածվում:
Ի՞նչ ասել է «անել ֆիլմ՝ հաղորդում՝ նախագիծ՝ ծրագիր՝ ներկայացում…»։ Մի՞թե հնարավոր չէ ֆիլմը նկարահանել, նախագիծը, ծրագիրը՝ իրականացնել կամ իրագործել, ներկայացումը՝ բեմադրել, նոր հաղորդումը՝ ստեղծել, սկսել կամ վարել․․․
Սրանք ընդամենը օրինակներ են: Կախված խոսքաշարից՝ կարելի է գործածել նաև այլ բառեր, միտքը ձևակերպել բառային այլ միավորներով:
Խոսքի նկատմամբ հարկավոր է ավելի ուշադիր լինել, ուստի ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ «անել» բառը տեղին գործածել՝ չանտեսելով տվյալ խոսքաշարին ավելի պատշաճող բառերը։
Լեզվի կոմիտե