Աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու մասին օրենսդրական նախաձեռնությունը, քանի որ հեղափոխական է, սկզբնական շրջանում առաջարկում ենք կիրառել միայն մագիստրատուրայի դեպքում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրiելյանը։
«Հետագայում, եթե հնարավոր լինի «Կրթության մասին» օրենքի շրջանակում նոր փոփոխություն անել, ապա գուցե կիրառվի նաև բակալավրիատում, եթե բակալավրիատում փոփոխություն լինի, ճկուն դասագրաֆիկ լինի և այլն, բայց այս պահին մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի համար է։ Կարծում ենք՝ մագիստրատուրայի դեպքում մեր երիտասարդները գիտակցված ընտրություն են կատարում»,- ասաց նա։
Պատգամավորը համակարծիք չէ, որ նախագծում խտրական վերաբերմունք կա։
«Խտրականություն կլիներ, եթե ասեին, որ օրենքը վերաբերում է, օրինակ՝ միայն ինժեներներին, իսկ օրենքը բոլոր աշխատող ուսանողներին է վերաբերում, այս դեպքում խտրականությունը չեմ հասկանում»,- ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը։