Գևորգ Պետրոսյանը չի կիսում դատախազության մասին ՍԴ դատավորի թեկնածուի տեսակետը. Վահե Գրիգորյանը մեկնաբանում է
Advertisement 1000 x 90

Գևորգ Պետրոսյանը չի կիսում դատախազության մասին ՍԴ դատավորի թեկնածուի տեսակետը. Վահե Գրիգորյանը մեկնաբանում է

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի պատկերացնում, թե Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ինչպես կարող է կողմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը, ով դատախազությունը համարում է գործադիր իշխանության մաս: Պետրոսյանը նման տեսակետ հայտնեց խմբակցության ու թեկնածուի փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:

«ԲՀԿ-ի դիրքորոշումը հայտնելու իրավունք դեռ չունեմ, քանի որ վերջնական քննարկում չի եղել: Ես կարող եմ իմ անձնական կարծիքը հայտնել: Կոնկրետ ես հարցրեցի, թե ինչպես է գնահատում դատարանների դռները փակելու կոչի և այդ կոչն ի կատար ածելու սահմանադրականությունը, և չստացա այդ հարցի սպառիչ պատասխան: Նա նաև մի քանի հայտարարություն արեց, թե դատախազությունը գործադիր իշխանության մաս Է: Ես, որպես իրավաբան, այդպիսի արտահայտությունից հետո ինչպե՞ս կարող եմ կողմ քվեարկել»,- նշեց Պետրոսյանը:

Նա նշեց, որ ինքը մտադիր է դեմ քվեարկել, սակայն քանի որ խմբակցության անդամ է, վերջնական որոշումը կայացնելուց հետո քվեարկությամբ պարզ կլինի:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում դատախազության վերաբերյալ իր տեսակետը մեկնաբանեց ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը: «Պետք  է բացառման կանոնով առաջնորդվենք: Եթե դա դատական իշխանության կամ օրենսդիր իշխանության մաս չէ, ապա գործադիր է: Եվ ընդհանրապես, դատախազության գործառույթները դասական գործադիր գործառույթներ են: Ձևականորեն սահմանադրություններում և օրենքներում դատախազությունները, երբեմն, դասվել են դատական իշխանությունների մարմինների շարքում, բայց սա տեսական վեճ է, որի մասնակիցների մեծ մասը հակված է, որ դատախազական գործառույթը գործադիր իշխանության մաս է»,- ասաց Գրիգորյանն ու շեշտեց, որ գործադիր իշխանության մեջ կան նաև անկախ մարմիններ:

Նրա կարծիքով` իր արտահայտած տեսակետի մեջ զարմանալի բան չկա:

Ընդհանուր առմամբ՝ Գրիգորյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ քննարկման մթնոլորտը գնահատեց դրական. նրա կարծիքով` բոլոր հուզող հարցերի վերաբերյալ քննարկում եղել է:



Նման նյութեր