Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«32-ամյա Վահե Մելոյանին մեղադրում են ավազակային հարձակման մեջ։ Նա չի ընդունում մեղադրանքը և ահա դիմել է ծայրահեղ քայլի։ Նա պահանջել է հանդիպում քննիչի և դատախազի հետ, որոնք հանդիպումը նշանակել են երկուշաբթի, այսինքն հացադուլի 49-րդ օրը։ Անմարդկային վերաբերմունք։ Վահեի հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրելու է գլխավոր դատախազությունն ու քննչական կոմիտեն։ Վահեն տառապում է հոգեկան հիվանդությամբ»:
Ալեքսանյանի գրառմանն արձագանքել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Հունիսի 12-ին Վահե Մելոյանն «Էջմիածին» բուժհաստատությունում ենթարկվել է բուժզննության։ Երեկ նրան այցելել է ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը, որի շրջանակում Վ. Մելոյանը ենթարկվել է հարցման։ Վերջինս ցանկություն է հայտնել հանդիպել իրեն առնչվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Այսօր կայացել է նաև այդ հանդիպումը։ Հանդիպման արդյունքից ելնելով՝ հացադուլից դուրս գալու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Իսկ այսօր ուշ երեկոյան նա հրաժարվել է ընդունել ՔԿՀ եկած շտապօգնության անձնակազմին։ Վիճակը նորմալ է՝ հացադուլում գտնվելու պայմաններում։ Պատշաճ հսկողություն է իրականացվում»,- գրել է նա:
«46-րդ օրը վիճակը՝ նորմա՞լ»,- ի պատասխան՝ արձագանքել են օգտատերերը: