ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես իհարկե ենթադրում էի, որ Կոտայքի մարզպետին Աբովյանում պարտվելը բերելու է հոգեկան ծանր ցնումների, սակայն չէի պատկերացնում, որ մարզպետն իրեն այդ աստիճան կկորցնի…
Տեսեք, Աբովյանում քաղաքապետի ընտրությունների ժամանակ, մարզպետի պրոտեժեն պարտվեց, չնայած գործող քաղաքապետի դեմ գործածվում էին վարկաբեկման բոլոր տեխնոլոգիաները։
Ես բնավ ոչինչ չեմ պնդում, բայց օրինակ՝ հրկիզված մեքենայի կեղտոտ պատմությունը կարծում եմ, որ կարող է լինել այդ հնարքներից մեկը։
Ինչևիցե, ասածս ինչ է… այսքանից հետո ներկայիս մարզպետն իրեն իրավունք է վերապահում ուղղակի պիտակավորել աբովյանցիներին, անվանելով իրենց՝ «անարժանապատիվ»:
Այս լկտի և անպարկեշտ արտահայտությունը մեկնաբանելու կարիք չկա, դրա հետ մեկտեղ կարծում եմ, որ նմանատիպ վիրավորանք հնչեցնողը պետք է անհապաղ լքի իր պաշտոնը։
Ախր հերիք է հիստերիաների ներքո վիրավորել մարդկանց և մնալ անպատիժ»: