Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխությունները հասկանալու համար նախ պետք է ճիշտ գնահատական տալ կատարվածին։ ի՞նչ է տեղի ունեցել անցած տարի՝ հեղափոխություն, իշխանափոխություն, թե իշխանության զավթում։
Տարիների ընթացքում Հայաստանում տարբեր անհատների, կուսակցությունների, տարատեսակ ոլորտների «պաշտպանների» և ՀԿ -ների կողմից իրականացվում էր իշխանության հանդեպ ատելության քարոզ։ Մեր ժողովրդին կարծես թե նստացրել էին «թմրանյութի» վրա, որը կրում էր շատ պարզ բայց և պահանջված անուն՝ սաղ Սաշիկնա մեղավոր, սաղ իշխանություններն են մեղավոր։ Ժողովրդի մի մեծ զանգված, իրոք, սկսեց հավատալ, որ իր անձնական բոլոր խնդիրները կապված են հենց Ալեքսանդր Սարգսյանի և իշխանության հետ։ Այ եթե իրենք չլինեն, ամեն ինչ կգա իր տեղը և ես կսկսեմ լավ ապրել։ Իհարկե սա լավ հնարք էր և ի վերջո ծառայեց իր նպատակին՝ ժողովրդի շատ մեծ զանգվածի փողոցներ հանեց։ Ընդորում հետաքրքրականն այն է, որ մեր հասարակությունը գիտակցաբար, կամ էլ ոչ այնքան, պայքարում էր ոչ թե ներկայիս իշխանավորներին իշխանության բերելու համար, այլ տարիների ընթացքում ներարկված միֆերի հետևում կանգնած մարդկանց հանդեպ վրեժխնդիր լինելու համար։ Այդ բողոքի և վրեժխնդրության ալիքը վարպետորեն սանձեց հենց ներկայիս իշխանությունը։ Այս անգամ փայլուն օգտագործվեցին հեղափոխություններին բնորոշ գրեթե բոլոր տեխնոլոգիաները։ Շատ կարևոր դերակատարում ունեցան սոցիալական ցանցերը, թե տարիների ընթացքում տարբեր առասպելներ տարածելու գործում, թե բուն «հեղափոխության»։
Երիտասարդության մասնակցությունը նույնպես աննախադեպ էր, ինչը ևս լավ պլանավորած և մտածված քայլ էր։ Երիտասարդներին հնարավոր եղավ փողոց հանել հենց սոցցանցերի օգնությամբ։ Կասկած չունեմ, որ այդ օրերին կար մասնագետների բավականին մեծ խումբ, որոնց գործը հենց ցանցերի միջոցով երիտասարդության վրա ազդելն էր։ Երբ շփվում էիր փողոց փակած 12-ից 20 տարեկան երիտասարդների հետ, հասկանում էիր, որ իրենց մոտ լրիվ այլ շարժառիթներ էին՝ մեկի մոտ դասի չնստելու, մյուսի մոտ ուղղակի կատարվողի նկատմամբ սպորտային հետաքրքրությունը և այլն։ Հիշում եմ, մի քանի ամիս առաջ ինձ ծանոթ երիտասարդ մի աղջկա հարցրեցի, թե ինչու էր մասնակցում փողոցների արգելափակմանը, ինչին հետևեց սպասված պատասխանը՝ «կայֆ էր»։
Օգտագործելով քաղաքական պայքարի տեխնոլոգիաների բավականին լուրջ զինանոցը՝ ընդդիմությանը հաջողվեց իրենց ակցիաներին մասնակցությունը դարձնել թրենդային։ Կրկնում եմ՝ թրենդային, այլ ոչ գիտակցված քաղաքական վերլուծության հիման վրա կատարվող քայլ։
Հեղափոխությունը ուներ իր ուրույն բրենդինգը՝ հատուկ գրառմամբ գլխարկներ, շապիկներ, երգ և այլն։ Իհարկե ժողովրդի մեջ կային նաև գաղափարական համակիրներ, որոնց թիվը ևս փոքր չէր, սակայն բավարար չէր «հեղափոխություն» իրականացնելու համար։ Փոքր չէր նաև տարբեր կուսակցությունների և կազմակերպությունների կողմից միացած մարդկանց քանակը։ Ընդհանրապես անվիճելի է, որ ժողովրդի մի մաս ցանկանում էր տեսնել փոփոխություններ և իրենց ապագան որևէ կերպ չեր կապում գործող իշխանությունների հետ, ինչը համարում եմ շատ բնական ցանկացած առանձին վերցված պետության համար։ Եթե չլինեին այդպիսի մարդիկ, ապա որևէ երկրում չէր լինի ընդդիմություն։
Ինչևէ, եղավ այն ինչ եղավ։ Մեկ քաղաքական ուժի հաջողվեց միավորել ժողովրդի կրիտիկական զանգվածը և հասնել գործող իշխանության հրաժարականին։ Օրինական էին այդ ընթացքում իրականացված քայլերը թե ոչ ցույց կտա ապագան։ Կասկած չունեմ, որ հաջորդ իշխանության օրոք կլինեն շատ հնչեղ և անսպասելի բացահայտումներ։
Այժմ գանք քննարկվող թեմայի բուն իմաստին։ Այս իշխանությունները ընտրեցին հետևյալ կարգախոսը՝ Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն։ Իհարկե ոչ ոք չի կարող վիճել այն փաստի հետ, որ այս պրոցեսում արյուն չի թափվել և փառք Աստծո։ Ոչ ոք նաև չի կարող վիճարկել այն հանգամանքը, որ այդ ժամանակվա իշխանությունը ցուցաբերեց մաքսիմալ հանդուրժողականություն և չգնաց կտրուկ քայլերի, ինչը մի քանի ամիս առաջ կատարվեց Ֆրանսիայում։
Բայց արդյո՞ք, Ազգային Ժողովի պաշարումը, պատգամավորների ազատ ելք ու մուտքի սահմանափակումը, բնականոն գործունեության խաթարումը բռնություն չէր։ Արդյո՞ք իշխող կուսակցության պատգամավորների և այլ պաշտոնյաների և իրենց ընտանիքների անդամների նկատմամբ սոցիալական կայքերում իրականացվող սարսափելի ատելության քարոզը բռնություն չէր։ Արդյո՞ք պատգամավորների տների դիմաց դագաղներ դնելը բռնություն չէր։ Բռնություն ասածը ունի շատ երագներ և մեր մոտ, բացառության արյան, կիրառվեցին բռնության գրեթե բոլոր այլ հայտնի ձևերը։ Գիտակցաբար կամ ոչ, բայց այսօրվա իշխանությունները աներկբա և հետևողականորեն տարածեցին համատարած ատելություն և նախկինների նկատմամբ վրեժխնդիր լինելու ցանկություն։
Գալով իշխանության, ցավով պետք է նշեմ, իշխանությունները չփոխեցին իրենց հռետորաբանությունը։
Ի սկզբանե հեղափոխություն բառը օգտագործվում էր մեկ շատ պարզ նպատակով։ Եթե ընդունում ես, որ եղել է հեղափոխություն, ապա ցանկացած հակառակ կարծիք, գործունեություն ինքնաբերաբար դիտարկվելու է որպես հակահեղափոխություն։ Նորմալ կյանքում հակառակ կարծիք ունեցող մարդուն դժվար թե կարողանաս «վնասազերծել», իսկ եթե նա դառնում է հակահեղափոխական, ապա կարող ես կիրառել հեղափոխությանը բնորոշ զինանոցի բոլոր մեթոդները՝ խոսքը գնում է ռեպրեսիաների և ճնշման այլ մեթոդների մասին։ Կարևորն այն է, որ ժողովուրդը հավատա, որ տվյալ անձը հակահեղափոխական է և խանգարում է իրենց բաղձալի երազանքների իրագործմանը։ Այսինքն կարող ենք փաստել, որ ընդդիմության կողմից կիրառվեց հեղափոխություն բառը ապագա հակազդեցության դեմ կտրուկ քայլեր իրագործելու նպատակով։ Այս իրավիճակում խնդիրն այն է, որ իշխանության գալու ճանապարհին ստեղծված միֆերը ժամանակի ընթացքում սկսում են հօդս ցնդել և «հեղափոխության» մասնակիցները ընկնում են տարակուսանքի մեջ։
Եկեք դիտարկենք մի քանի օրինակ. Մենք կգանք իշխանության և բյուջեն շատ կարճ ժամանակահատվածում կավելանա 800 միլիոն դոլարով։ Մեր տնտեսության մի մեծ մաս գործում է ստվերում։ Կվերացնենք կարմիր գծերը և տեսախցիկները։ Երկիրը կայծակնային արագությամբ կզարգանա։ Կբացահայտենք Մարտի 1 -ը։ Քոչարյանը հետ կտա միլիարդները։ Ժողովուրդն է լինելու իրական իշխանության տերը և այլն։
Այն ինչ ունենք այսօր մեղմ ասած որևէ աղերս չունի հնչած խոստումների հետ։ Կրկին անդրադառնանք մի քանի փաստի։ Եթե այդքան մեծ ստվեր էր, ապա ինչով կարելի է բացատրել կառավարության ներկայացրած գրեթե նույն բյուջեն։ Կարմիր գծերը և տեսախցիկները քիչ է չեն հանվել, այլ նույնիսկ դարձել են «ժողովրդի պահանջ»։ Հայաստանում ներդրումները հասել են գրեթե զրոյական մակարդակի։ Մի ամբողջ համակարգ փորձում է գտնել Նախագահ Քոչարյանի «միլիարդները», բայց փաստորեն դա էլ չկա։ Մարտի մեկի գործը դարձել է անձնական վենդետայի դասական օրինակ։ ՊԵԿ-ի կողմից հիշատակվող ավելացող գանձումները իրականացվում են տարբեր ուղղակի և անուղղակի հարկերի բարձրացման շնորհիվ։ Պետական ծառայողները մնում են անգործ։ Տնտեսության ճյուղերի 99 տոկոսում ակներև է աճի տեմպի շեշտակի անկում։ Եվ ամենացավալին՝ չենք գտնում Սաշիկի 50 տոկոսները։
Այսինքն, ստացվում է այնպես, որ գործնական մակարդակում ցույց տալու և պարծենալու բան գրեթե չկա։
Ծագում է հարց՝ ինչ անել, որպեսզի պահել իշխանությունը։ Պատասխանը շատ պարզ է, շարունակել հեղափոխական հռետորաբանությունը և անընդհատ գտնել նոր մեղավորներ այսօրվա անհաջողությունների մեջ , այսինքն կրկին դիմել նախորդների «օգնությանը»։ Հենց սրանով են պայմանավորված տարբեր դավադրությունների մասին լուրերը, «հակահեղափոխականների» մասին կրկնվող ճառերը, նախկիններին քրեական հետապնդման արժանացնելու բոլոր փորձերը։ Բայց արդյո՞ք սա կարող է երկար շարունակվել։
Մի քանի օր առաջ եղավ մի շատ հետաքրքիր բան, որը կարծես թե վրիպեց մարդկանց աչքերից։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին դատապարտել բռնությունը, ինչը չէր արվում շատ երկար ժամանակ, նույնիսկ լուռ քաջալերվում էր։ Հատկանշական է, որ դա արվեց ՏԻՄ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո։ Կասեք ի՞նչ կապ ունեն այս երկուսը։ Բացատրեմ. մինչ այդ հնչող կոշտ և իրենց էությամբ սպառնացող կոչերը արվում էին բավականին բարձր վարկանիշի ներքո և չկար մտավախություն, որ հակառակ կողմում գտնվող մարդիկ կարող են և ապստամբել, քանի որ իրենց քանակը շատ քիչ էր։ Բայց ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ վստահության քվեն գահավիժում է և հնարավոր հակընդդեմ հասունացող ալիքը կարող է շատ զորեղ դառնալ և շարունակվող բռնության կոչերը կարող են բերել արյունալի ներքին հակամարտության։ Քաջ գիտակցելով այս երևույթը՝ ինշխանությունը միանգամից սկսեց դատապարտել բռնությունը, փոխեց իր մարտավարությունը՝ հասկանալով դրա անհեռատեսությունը։ Սակայն, ցավոք սրտի, նախկիններով իրենց սխալները կամ անգործունեությունը սվաղելու ոճը ցայսօր մնում է անփոփոխ։ Սրա մասին է վկայում Ապրիլյան գործողությունների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծումը, տարբեր «կոռուպցիայի» դեմ պայքարի շրջանակում աղմկահարույց պատմությունների՝ լուրերի առաջին հորիզոնականում գտնվելու հանգամանքը և ամեն կերպ բոլոր ներկայիս պրոբլեմների մեջ նախկիններին մեղադրելու կոչերը։ Այս երևույթները ունեն նաև զսպող նշանակություն։ Հենց որեէ հակառակ կողմի ներկայացուցիչ ակտիվանա, իրեն կարելի է այս կամ այն քրեական գործով պատասխանատվության ենթարկել։
Սակայն, քաղաքագիտության մեջ տարրական գիտելիքներ ունեցող մարդիկ շատ լավ հասկանում են, որ այս ընթացքը ևս չունի հեռանկար, քանզի հասարակությունը պատրաստ չէ երկար սպասել քարոզած լավ կյանքին, ինչը շատ բնական է։
Արդար լինելու համար նշեմ, որ ասել է թէ ամեն ինչ շատ վատ է, նույնպես սխալէ։ Մենք բոլորս ականատեսն էինք հասարակության մի մեծ մասի զարթոնքի, որն անկասկած շատ դրական երևույթ էր։ Այդ զարթոնքը պետք է օգտագործվեր և ի գործ դրվեր ի փառս մեր երազած Հայաստանի, սակայն, կրկին ցավով, պետք է նշենք, որ եթե ամեն ինչ ընթանա ինչպես որ ընթանում է այժմ, այդ զարթոնքին կհաջորդի տոտալ ատելությունը և հուսահատությունը, որի հետևանքները լինելու են ուղղակի կործանարար։
Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է կարմիր գիծ քաշել և անցնել մեր հայրենիքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը, ճիշտ արտաքին քաղաքականության ձևավորմանը, տնտեսական զարգացման ամենահեռանկարային մոդելի ընտրությանը, Հայաստանի որպես կայուն և զարգացող երկրի իմիջի վերադարձմանը։ Այս ամենը անկասկած հնարավոր է, բայց ոչ ատելության մթնոլորտի ներքո։ Այս ամենին հասնելու համար պետք է փոխադարձ հարգանքի ինստիտուտի վերականգնումը, ժողովրդի միասնականությունը, ներկա և նախկին իշխանությունների միջև գործուն համագործակցությունը։
Այսօրվա իշխանություններին տրված է պատմական հնարավորություն՝ էլ ավելի հզորացնել մեր հայրենիքը։
Օգտագործեք ձեր հետզհետե անկում ապրող քվեն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: