ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց գրավատների, փոխանակման կետերի, վարկային կազմակերպությունների, բանկերի պետական տուրքի՝ նախապես առաջարկվող չափերը փոփոխելու առաջարկներին:
Առաջարկները կազմվեցին Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի՝ գլխադասային հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի հետ համատեղ քննարկումների արդյունքում, և քվեարկությամբ ստացան դրական եզրակացություն։
«Բանկերի համար ներկա 3 մլն դրամի փոխարեն առաջարկվում է սահմանել տարեկան 8 մլն դրամ պետտուրք, բանկերի մասնաճյուղերի համար առաջարկվում է 1 մլն դրամ, ներկայացուցչությունների համար՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի համար պետտուրքը ներկայում 250 հազար է, առաջարկվում է դարձնել 1 մլն դրամ, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք արտարժույթի փոխանակում չեն իրականացնում՝ 500 հազար դրամ: Վարկային կազմակերպությունների գլխամասի համար ներկայում 500 հազար դրամ է, առաջարկվում է դարձնել 6 մլն դրամ: Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ»,-ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Առաջարկները դրվեցին քվեարկության և ստացան դրական եզրակացություն:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախապես առաջարկվում էր գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ, իսկ բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դարձնել 7 մլն դրամ, մասնաճյուղերի համար սահմանել 350.000 դրամ պետտուրք:
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը: