Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին և անվտանգային խնդիրների, ինչպես նաև երկրում սկիզբ առած դատաիրավական համակարգի վերափոխումների վերաբերյալ մի շարք հարցեր ու խնդիրներ քննարկվեցին «Ադեկվադ» ՀԿ նախաձեռնած «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ընթացքում:
Կազմակերպիչներն ասում են՝ կոնֆերանսի նպատակներից է՝ ստեղծել ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի և քննարկումների հարթակ:
«Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի օրակարգը բաղկացած էր 3 բաժնից: Առաջինում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա մի շարք խնդիրներ:
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի համոզմամբ՝ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխության հետ կապ չուներ, այն կա՛մ ներիշխանական դավադրություն էր, կա՛մ արտերկրում ծրագրված սցենար, կա՛մ էլ օրվա իշխանությունն իսկապես չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Քաղաքական գործիչը կարծում է՝ ներքաղաքական կյանքում խնդիրների լուծման, արտաքին հարվածներին դիմակայելու միակ ճանապարհը համախմբումն է:
Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն էլ նկատեց, որ իշխանությունն ամենաբարձր մակարդակով մարդկանց բաժանում է «սևերի ու սպիտակների», «լավի ու վատի»։
tert.am