Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Ոստիկանության զորեքերին տոնական օրվա առթիվ՝ վարչապետը նշել է.
«Այն հարցը, թե վերջին մեկ տարում ի՞նչ է փոխվել Հայաստանի Հանրապետությունում, ունի շատ կոնկրետ պատասխան նաև Ոստիկանության զորքերում: Արդեն գրեթե մեկ տարի Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անդորրը, անվտանգությունը՝ շոշափելի ու կարևոր աջակցություն ցուցաբերելով Հայաստանի Հանրապետության բանակին: Ես այս տոնական օրը նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության զորքերի այն ծառայողներին, ովքեր կամավոր հիմունքներով նվիրվել են հայրենիքի սահմանների պաշտպանությանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այդ զինծառայողների ընտանիքների անդամներին, ովքեր աջակցել են նրանց այդ որոշմանը և սատար են կանգնել նրանց: Ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետության արտաքին սահմանների պաշտպանության գործին ներգրավվելու որոշումն արտահայտում է մեր պատկերացումը Հայաստանի Հանրապետության ոչ միայն արտաքին, այլև ներքին անվտանգության վերաբերյալ»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության պաշտպանության գործում քաղաքացիները, հայ ժողովուրդը պետք է լինեն միասնական և միահամուռ: