Մեր տեղեկություններով՝ երեկ կեսգիշերին մոտ Արտաշատի հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում գանգուղեղային վնասվածքով 64-ամյա մի կին է տեղափոխվել Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Նրա դեմքին ու գլխին բազմաթիվ վնասվածքներ կան։ Կինը բնակվում է Արտաշատում գտնվող չգործող բուժհաստատության շենքում։ Նրան դաժան ծեծի է ենթարկել նույն շենքում ապրող 53-ամյա մի կին։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք վիճել են օծանելիքի համար, որի ընթացքում կանանցից կրտսերը ալկոհոլի ազդեցության տակ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ավագին, ինչի հետևանքով վերջինս գիտակցությունը կորցրել է ու տեղափոխվել հիվանդանոց։ Ծեծված կինն այս պահին կոմայի մեջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
Չգործող բուժհաստատության շենքում ուրիշ ապրողներ էլ կան, որոնց պատմելով՝ Արտաշատի ոստիկանները, կատարվածի մասին տեղեկանալով, անմիջապես եկել են ու ծեծող կնոջը տարել բաժին։ Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։