Ընդդիմախոսներիս զայրացրել է․
1․ «Սասնա Ծռերի» համեմատությունը յակոբինյանինների և բոլշևիկների հետ։ Չէ՞ որ «Սասնա Ծռերը» հայրենասերներ են, ազգի, հայրենիքի համար կռված։ Հետևաբար ինչպե՞ս կարելի է նման զուգահեռներ անցկացնել։
– Իսկ ձեր կարծիքով յակոբինյաններն ու բոլշևիկները հայրենասերներ չէի՞ն և չէին մտածում իրենց հայրենիքի և ազգի մասին։ Պատմության մեջ չխորանանք, այլ դիտարկենք միայն հայ բոլշևիկներից ոմանց։ Արդյո՞ք Վահան Տերյանը, Եղիշե Չարենցը, Ստեփան Շահումյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը նվիրյալներ չէի՞ն և չէի՞ն մտածում ազգի և հայրենիքի մասին և համոզված չէի՞ն իրենց ճշմարտության մեջ։ Նրանց մեջ էլ կային հայրենիքի համար կռվածներ՝ Գայը, Հովհաննես Բաղրամյանը և ուրիշներ։
2. «Սասնա Ծռերը» կողմ չեն առանց օրենք, իրավունք ջարդելու, փշրելու, պատժելու, նստեցնելու, սպանելու։ Նրանք են առաջինն ասել «անցումային արդարադատության» մասին։
-Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել «Սասնա Ծռերի» հռետորաբանությունից․
«Նրանց տեղը կամ բանտն է կամ գերեզմանոցը» ։ Կարծում եմ սա բավարար է։ Իսկ ի՞նչ կարծիքի եք , երբ Սասնա ծուռը ՀՀ ոստիկանապետին անվանում է «լակոտ»։ Որքանով որ հետևել եմ «Սասնա Ծռերի» առաջարկած անցումային արդարադատության մասին թեզերին, այն ոչ թե հաշտեցմանն է ուղղված, այլ հաշվեհարդարին։
3. «Իսկ ես կարծում էի Իշխանյանը ազնիվ է», «Եթե դու իսկապես մտածում ես այնպես, ինչպես արտահայտվել ես մեջբերմանս մեջ, ուրեմն խորը մոլորության մեջ ես, ուղեծիրդ կորցրել ես կամ ե’ս եմ մոլորության մեջ եղել կարծելով, թե դու այն մարդն ես, որի հետ ձեռք ձեռքի վազում էինք, որ փրկվենք նետված ռումբերից / 2016, հուլիսի 21/:
-Ես երբեք «Սասնա Ծռերով», ինչպես նաև այլ քաղաքական ուժերով և գործիչներով հիացած չեմ եղել։ 2016թ․ նրանց կողմից ապստամբության փորձը ես բացատրել եմ իմ ելույթներով և հոդվածներով, նրանց համեմատելով Ռոբին Հուդի հետ։ Եվ եթե ոմանք համարում են, որ իրենք բացարձակ ճիշտ են իրենց համոզմունքներում և կամ այլ կարծիք ունեցողը մոլորության մեջ է, կամ ափսոսում են ինձ հետ ընկերության համար՝ дело хозяское.
Եվ վերջապես, իմ գրառման մեջ, կարծում եմ համակրանք էի արտահայտել «Սասնա Ծռերի» նկատմամբ, այն որ նրանք գաղափարական են, ըստ ընդդիմախոսների սխալվել եմ, այսինքն նրանք երկրորդ խմբում են։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից: