Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները հունիսի 22-ին տեսակցել են Թբիլիսիում տեղի ունեցած բախումներից հետո ձերբակալված ՀՀ քաղաքացի Մինաս Մինասյանին։ «Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացին իր փոխանցմամբ որևէ բողոք և խնդիր չունի ու նշում է, որ իր հետ վերաբերվում են հարգանքով։
Այսօր նրա հետ տեսակցել են նաև Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։ Դեսպանության դիվանագետները նաև հեռախոսազանգ են կազմակերպել ձերբակալվածի և նրա հարազատների միջև և նաև ձերբակալվածների պահման վայրի ղեկավարության հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հնարավորինս կարճ ժամանակամիջոցում հանդիպում կազմակերպվի նաև ձերբակալվածի և նրա ծնողի միջև։ Դեսպանությունը նաև իր իրավաբանի միջոցով բողոք է ներկայացրել դատարան, որպեսզի ՀՀ քաղաքացու կալանքի ժամկետը կրճատվի։ Գործի շրջանակներում հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը կտեղեկացնի ամենասեղմ ժամկետներում»,- տեղեկացրին դեսպանությունից:
Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։ Նա 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիտորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը։