«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հունիսի 20-ի երեկոյան թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ռեպորտաժ, որն անդրադառնում է Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի կողմից Ազգային ժողովում արված հայտարարությանը, երբ նա նշեց, որ ՍԴ է գնում ՍԴ նախագահի լիազորություններով:
Ռեպորտաժի մեծ մասում եթեր են հեռարձակվում Վ․Գրիգորյանի ելույթից հատվածներ։ Թեև ռեպորտաժում արձանագրվում է, որ Վահե Գրիգորյանը Հրայր Թովմասյանի պաշտոնավարմանը զուգահեռ ստանձնում է նախագահի լիազորություններն ու պարտականությունները, և նրա հայտարարությունը մեծ աղմուկ է բարձրացրել, սակայն պարզաբանմամբ է հանդես գալիս ԱԺ-ի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, որն էլ նշում է․ «Հրայր Թովմասյանը, լսելով Վահե Գրիգորյանի ելույթը, պիտի վաղը առավոտյան աշխատանքի չգնա, որովհետև ինքը հասկացավ, որ ինքը այլևս Սահմանադրական դատարանի նախագահ չէ»: Վ․Գրիգորյանի հայտարարությանը ընդդիմացող տեսակետ ներկայացվում է միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի տեսակետը՝ 40 վայրկյան տևողությամբ, որն էլ խոստանում է հստակ դիրքորոշում հայտնել՝ միայն նորընտիր դատավորի հիմնավորումներն ուսումնասիրելուց հետո։
Այսինքն, չնայած հանգամանքին, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունն ԱԺ-ում երեկ բուռն աղմուկ և դժգոհություն էր առաջացրել համացանցում՝ «Ազատություն» TV-ն զերծ է մնում իրավաբանների, փորձագետների կարծիքներ ներկայացնելուց՝ ի ցույց դնելով իր սատարումը Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությանը։
Media Advocate/ Մեդիա Պաշտպան