Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմի և Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների բողոքների վերաբերյալ որոշումը: Վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց բավարարել մեղադրող կողմի և տուժողների իրավահաջորդի բողոքները:
«Միջդատական վարույթի ընթացքում որպես խափանման միջոց ընտրված կալանավորման վերացման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել: Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- ասաց դատավոր Արմեն Դանիելյանը՝ նշելով, որ վերացվում է նաև Քոչարյանին ազատ արձակելու հիմք հանդիսացած՝ Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը:
Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանները և ընտանիքը ի նշան բողոքի չեն մասնակցել դատական նիստին, քանի որ դատավոր Արմեն Դանիելյանը նախորդ դատական նիստում թույլ չի տվել ներկայացնել իրենց դիրքորոշումները:
Հունիսի 24-ին բողոքը քննող դատավոր Արմեն Դանիելյանը դիմել էր Ոստիկանություն իր անվտանգությունը ապահովելու համար: