Հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ավտոմատներ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք, այդ թվում՝ ավտոմատներ. shamshyan.com

Վերջին ամիսներին ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ակտիվ բացատրական աշխատանքներ են կատարում քաղաքացիների հետ, որպեսզի այն քաղաքացիները, ովքեր իրենց մոտ ունեն զենք-զինամթերք, ինքնակամ ներկայացնեն իրավապահ մարմիններին, ինչի արդյունքում նրանք ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե ներկայացված զենք-զինամթերքները չեն օգտագործվել այլ դեպքերում։

Ինչպես հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանքներ են կատարում նաև Երևան քաղաքի ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքների ծառայողները, ինչի արդյունքում երեկ՝ հունիսի 26-ին, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Նուբարաշենի կամրջի տակ իր է թողնում և խնդրել է, որպեսզի ոստիկանության ծառայողները մոտենան նշված վայր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հասցե են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մեջլումյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված կամրջի հենասյունից մոտ 3 մետր հեռավորության վրա գտնվող խոտածածկ տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային 3 պարկեր և պայուսակ, որի մեջ առկա է եղել «ԱԿ» տիպի ինքնաձիգ, «ՍԿՍ» տիպի ինքնաձիգ և «ՏՕԶ» տիպի հրացան, իսկ պարկերից մեկի մեջ՝ «Ֆ-1» տիպի 5 նռնակ, «ՏՆՏ 11-49» գրառմամբ նռնակ, 2 հատ նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի դատարկ 5 փամփշտատուփ, 15 հատ տարբեր տեսակի փամփուշտներ, 7.62 մմ տ/չ փամփուշտների մետաղյա փակ արկղ:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, հայտնաբերված զենք-զինամթերքն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com