Այսօր՝ հունիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղանիստ գյուղում դեռևս անհայտ պայմաններում պայթյուն է հնչել գյուղի գլխավոր փողոցւմ գտնվող վուլկանացում Արգոնի զոդում արհեստանոցում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել արհեստանոցից և քաղաքացիների ավտոմեքենայով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբը։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ ավագ հրահանգիչ Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։ Պայթյունի վայրում հավաքվածներն ասում էին. «Լսեցինք ուժեղ պայթյունի ձայն ու տեսնենք՝ արհեստանոցից կրակ ա դուրս գալիս։ Միանգամից մտել ենք ու 2 աշխատողներին վնասվածքերով դուրս ենք բերել։
Մեր ուժերով մարել ենք կրակն ու մի 10 անգամ զանգահարել ենք 1-03 շտապօգնություն, սակայն տեսանք, որ 45 րոպե է՝ ուշանում են, քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով վիրավորներին տարան։ Մինչև այս պահն էլ սպասում ենք, որ շտապօգնությունը պետք է ժամանի։ Հետո էլ, որ ջղայնանում են շտապօգնության բրիգադների վրա, ասում են, թե էսպես չի, էնպես ա։ Մարդը վիրավոր գետնին ընկած՝ 40 րոպեից ավելի սպասի, թե երբ ա բարեհաճելու շտապօգնությունը»։
Դեպքի մասին տեղեկացվել է ոստիկանության Արարատի մարզային վարչոթյան պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին, ում հանձնարարականով ժամանել են ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմոնքի հետաքննիչները և ըստ տեղկությունների՝ դեպքի վայր պետք է ժամանեն նաև փորձաքրեագետներ, որպեսզի պարզ լինի, թե ինչի հետևանքով է առաջացել պայթյունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև հարևանությամբ գտնվող տան խոհանոցի և ննջասենյակի պատերը, կահույքն ու որոշ գույք թափվել են։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: