Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենից 6 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենից 6 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: Դեպքի վայր է ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը: Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը: Դեպքի վայում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մի կաթիլ մեղրի պատմություն է: Հարևաններով իրար են տվել ու եթե ոստիկանները օպերատիվ չժամանեին, բանը բանից կանցներ: Վստահ ենք, որ ոնց օպերատիվ ժամանեցին, վիճաբանությունը վենդետայի չվերածվեց, այդպես էլ շուտ կբացահայտի ոստիկանությունը ու կապացուցի, որ ոստիկանությունը օպերատիվ իրավիճակին տիրապետում է, իսկ որոշ տաք գլուխներ էլ այս վիճաբանության համար պատասխան կտան»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com