Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին, այնուամենայնիվ Տիգրան Պետրոսյանը բաց չի թողնում կնոջ ու դուստրերի՝ Լիկայի ու Հասմիկի ժամանցը հետաքրքիր կազմակերպելու յուրաքանչյուր առիթ՝ ձմեռային մարզաձևերի կամ արշավների տեսքով:
Մարզպետի կինը՝ Արևիկ Թումասյանը, Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցի ժամանակ տեղեկացնում է՝ մարզի ղեկավարումը ստանձնելուց հետո ավելի քիչ ժամանակ է մնում երեխաներին: «Ընտանիքի ու երեխաների հետ ավելի քիչ ժամանակ է անցկացնում, իսկ ընտանեկան հոգսերն արդեն հիմնականում իմ ուսերին են: Երեխաները շատ են կարոտում ու բողոքում, հատկապես ավագ դուստրս՝ Լիկան: Հիմնականում, երբ Տիգրանը տուն է գալիս, երեխաներն արդեն քնած են, երբեմն նույնիսկ առավոտներն են երեխաները քնած, երբ նա գնում է աշխատանքի»,-անկեղծանում է Արևիկը:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և նրա կինը՝ Արևիկ Թումասյանը
Տիգրան Պետրոսյանն այս ընթացքում ստիպված է եղել նաև գնալ ոճային փոփոխությունների՝ ավելի ազատ ու մարզական ոճը փոխարինելով գործնական կոստյումով: «Հատկապես Լիկան է դա ցավոտ տանում, ու դրա համար Տիգրանը հիմա փորձում է գոնե երեկոները ավելի ազատ ոճով լինել՝ այդ փոփոխությունը թեթևացնելու համար»: Լինելով Հայաստանում «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիրը, Տիգրան Պետրոսյանը շատ է կարոտում նաև մարզական միջոցառումները:
Տիգրանն ու Արևը երկար տարիներ գործընկերներ են եղել՝ աշխատելով հասարակական ոլորտում՝ նույն ծրագրում: Այս ընթացքում շահերի բախում չի եղել, ավելին՝ գործել են որպես աջակցող կոլեգաներ: Արևը վստահեցնում է՝ հոգատար և ուշադիր գործընկերը, շատ հոգատար ամուսին է: «Շատ օգնող ու հոգատար է: Մեր ընտանիքում պարտականությունների կատարումը բաժանված է՝ մի մասն ինքն է անում, մյուսը՝ ես. երբեք ինձ մենակ չի թողել ոչ մի հարցում: Շատ հանգիստ Տիգրանին կարելի է տեսնել ինչպես խոհանոցում, այնպես էլ երեխաների խնամքով զբաղվելիս, նույնիսկ իմ հետ գիշերը երեխային խնամել է: Բայց, որպես հայ տղամարդ, անխոս, ինչ-որ հարցերում պահպանողական մոտեցում ունի»:
Պարզվում է մարզպետի համար հաճելի է զարմացնել երեխաներին ու նրանց համար համեղ ու հետաքրքիր ուտեստներ պատրաստել. «Տիգրանին կարելի է խոհանոցում ևս տեսնել: Սիրում է անակնկալ անել մեր համար: Այստեղ առաջնահերթը երեխաների ցանկությունն է»,-նշում է Արևը:
Տիգրան Պետրոսյանը մասնակցում է բողոքի ակցիայի՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
Տիգրան Պետրոսյանը շահերի պաշտպան է և երկար տարիներ, տարբեր հարթակներում, պաշտպանել է տարեցների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց շահերը. հիմա էլ գերխնդիրը մարզի շահն է: «Աշխատելով հասարակական ոլորտում, աշխատանքը պետական օղակների հետ էր, հիմա, դառնալով պետական օղակի մաս՝ շատ լավ է հասկանում այդ բոլոր խնդիրները: Չեմ փորձել այս ընթացքում ոչ մի դեպքում խառնվել նրա որոշումների կայացմանը, խորհուրդներ, եթե եղել էլ են, ավելի շատ մարդկային տեսանկյունից են բխել: Ավելին, քանի որ ուշ է տուն գալիս ու շատ հոգնած, հիմա աշխատում եմ տանը ընդհանրապես էլ աշխատանքից չխոսել ու հարցեր չտալ»,- տեղեկացնում է Արևը:
իգրան Պետրոսյանը միշտ եղել է ակտիվիստ՝ մասնակցելով հատկապես Գյումրիում կազմակերպված տարբեր հավաքներին՝ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման, կուտակային կենսաթոշակի դեմ բողոքի, ինչպես նաև «Թավշյա հեղափոխության» օրերին: «Միշտ հպարտ եմ եղել ու ուրախացրել եմ, որ Տիգրանը, որպես քաղաքացի, իր որոշման տիրույթում էր՝ երբեք տանը համակարգչի առաջ նստած չի հետևել գործընթացներին»:
Արևիկը նաև վստահեցնում է, որ մարզպետի պաշտոնին գնալու որոշումը բավական դժվար է կայացվել՝ հատկապես հասարակական ոլորտից պետականի անցնելու մասով պայմանավորված: «Երկար ենք մտածել, քանի որ Տիգրանի համար պաշտոնը զուտ պաշտոն կամ աշխատանքային կարիերայի առաջընթաց չէր: Գիտակցում էինք, որ պաշտոնին համաձայնելով, մեծ պատասխանատվություն է ուսերին վերցնում՝ եղած հիմնախնդիրների գոնե մի մասի լուծում պետք է տրվի»:
Աշխատանքի բերումով միշտ հնարավորություն է եղել արտերկիր գնալու ու մնալու, բայց Տիգրանի մոտ Հայաստանն ու հատկապես հայրենի Գյումրին լքելու ծրագրեր չեն եղել:
Կինը վստահեցնում է՝ երբեք հայրենիքը լքելու ձգտում չի եղել. իր ու ընտանիքի ապագան մարզպետը Հայաստանում է տեսնում: