Արմավիրի մարզից 2019 թվականի ամառային առաջին զորակոչին զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին Սարդարապատի հուշահամալիրում:
Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նորակոչիկներին իրենց հարազատների հետ միասին պատմական վայրից Հայոց հաղթանակած բանակ ճանապարհեցին ՀՀ Արմավիրի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները, «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչները և համայնքապետերը:
Ավանդույթի համաձայն` պետական այրերը, թեմակալ առաջնորդն ու պարտադիր զինվորական ծառայության մեկնողները նախ իրենց հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին։
Այնուհետև ներկաներին ողջունեց և ամառային առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ իր բարեմաղթանքի խոսքը հղեց մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
«Պատիվ ունեմ ողջունելու ձեզ այս պատմական վայրից և շնորհավորելու այս պատվաբեր օրվա առթիվ: Այսօր դուք քայլ առաջ եք անում դեպի թշնամին` հանուն մեր երկրի պաշտպանության և խաղաղության: Ցավոք սրտի, խաղաղությունը չի տրվում, այլ պարտադրվում է մեր միասնական ուժի շնորհիվ, իսկ մենք անկոտրում ենք և անհաղթ, երբ միասնական ենք»,- նշեց Արմավիրի մարզպետը:
Նա նորակոչիկներին վստահեցրեց, որ բանակում անցկացրած իրենց յուրաքանչյուր օրը նպաստելու է հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը:
Դիմելով ծնողներին՝ Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց՝ նման քաջարի և խիզախ զավակներ դաստիարակելու համար և նորակոչիկներին խաղաղ երկինք, բարի ծառայություն և բարի վերադարձ մաղթեց:
Բանակ զորակոչվող երիտասարդներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց նաև Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը:
«Դարեր շարունակ մեր ժողովուրդը բանակ չի ունեցել, և մեր զավակները ծառայել են օտար հողում, իրենց կյանքը զոհել օտար հողի վրա: Այսօր այն բախտավոր պահն է մեզ համար, երբ մեր տղաները ծառայության են մեկնում հայկական բանակ և պետք է պաշտպանեն մեր սրբազան սահմանները, մեր օջախները, մեր հավատքն ու մեր հայրենիքը: Սիրելի նորակոչիկներ, մենք սիրում ու հավատում ենք ձեզ: Դուք ապացուցել եք, որ արժանի զավակներն եք մեր պետության, եկեղեցու և կարող եք քաջությամբ ու իմաստությամբ պաշտպանել մեր հայրենիքը: Մենք աղոթում ենք առ Աստված, որ Տերը ձեզ պաշտպան կանգնի, ձեր բազուկը միշտ ամուր լինի, ձեր միտքն արթուն լինի: Քաջությամբ լցված այս երկու տարին ծառայեք եղբայրական սիրո մթնոլորտում և վերադարձեք ձեր հայրենի օջախները»,- ասաց Արմավիրի թեմի առաջնորդը:
Հանդիսավոր միջոցառման ավարտին նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ ստացան մարզպետ Համբարձում Մաթևոսյանից, համայնքապետերից և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ ու բարձր տրամադրությամբ մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին: