ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին և հաշվապահին:
«Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնավարման ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում և պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես, նախնական քննության տվյալներով, տնօրենն իր որդուն աշխատանքի է ընդունել Արմավիրի մարզի «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ- ում՝ որպես խմբավար, սակայն նախապես տեղյակ լինելով վերջինիս աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու մասին՝ չի արձանագրել այդ փաստը և 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ամեն ամիս կազմել, իր ստորագրությամբ և ՀՈԱԿ-ի կլոր կնիքի դրոշմով վավերացրել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը՝ դրանում ներառելով որդու և նրա կողմից փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Այնուհետև հիշյալ կեղծ տեղեկագրերը հանձնել է դպրոցի հաշվապահին և հրահանգել բոլոր աշխատողների, այդ թվում նաև՝ որդու անվամբ կատարել աշխատավարձի հաշվարկներ:
Արդյունքում՝ ՀՈԱԿ-ի հաշվապահը վերը նշված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար տնօրենի որդու անվամբ կատարել է աշխատավարձի հաշվարկ, իսկ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2011թ. փետրվարի 1-ից մինչև 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում որդու անվամբ հաշվարկված ընդհանուրը 7.202.434 ՀՀ դրամ աշխատավարձից փաստացի վճարման ենթակա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուրը 5.392.697 ՀՀ դրամ գումարն անձամբ ստանալով, յուրացրել է:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: