Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 25-ամյա Լևոն Բ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 TA 239 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Զորավար Անդրանիկ փողոցի 60 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել նույն փողոցի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Կ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Ռոման Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: