«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը նոր մարզային նախագիծ ունի` Թումո-տուփ: Թումո-տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի-Թումո է: Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում եւ տեղի պատանիների համար ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք։
«Թումո-տուփերը լինելու են Թումոյի արբանյակային մինի-կենտրոններ, որոնք տրանսպորտի միջոցով կապվելու են Թումո մեծ կենտրոնների հետ»,- ասել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը` ավելացնելով, որ այդպիսով Թումոյի կրթությունը բոլոր մարզերում հասանելի դարձնելու իրենց առաքելությանն ուղղված եւս մեկ` հնարավորինս հաջողակ քայլ է արվում: Իսկ հաջողության գրավականը նա համարում է մասնավոր ընկերությունների, պետական մարմինների եւ անհատ բարերաների միավորումը կրթության զարգացման գաղափարի շուրջ:
Մարի Լու Փափազյանի խոսքերով, նման ձեւաչափով նախատեսում են ծրագիրը ընդլայնել Արցախում եւ Շիրակում նոր տուփերի, եւ Ստեփանակերտի ու Գյումրիի կենտրոնների համագործակցությամբ: Իսկ մոտ ապագայում` Մասիսում եւ Կողբում բացվող Թումո կենտրոնները նույնպես կվերածվեն կրթական հանգույցների:
Առաջին Թումո-տուփը մեկնարկում է Բերդ քաղաքում: Բերդի եւ մոտակա բնակավայրերի ուսանողները գործնական դասընթացները կանցնեն Թումո Դիլիջանում, որը կվերածվի կրթական հանգույցի: Թումո-տուփը հնարավորություն կտա տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտներում կրթությամբ ապահովելու տարեկան շուրջ 250 պատանիների: Տավուշի մարզպետարանը պատրաստակամություն է հայտնել տրանսպորտով ապահովել առաջին Թումո-տուփի ուսանողներին` գործնական դասընթացների շրջանում Բերդից Դիլիջան եւ Դիլիջանից Բերդ տեղափոխման համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։