Նախօրեին Երևանում սպանվել է Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է Խրոմոյ Անդո կամ Մասիվցի Անդիկ մականունով։ Sputnik Արմենիան առաջարկում է հիշել վերջին ժամանակների աղմկահարույց իրադարձությունները` կապված հանցավոր աշխարհի հայերի հետ։
45–ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանությունը տեղի է ունեցել Նոր Նորքում։ Անհայտ անձը հրազենով կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ ու հեռացել։ Օգնության հասած անձինք շտապօգնություն են ահազանգել։ Տղամարդը դեռ հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է։ Մասիվցի Անդիկի սպանության վայրում հայտնաբերվել են պարկուճներ և փամփուշտ։
Նրա վրա կրակել են չորս անգամ։ Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ 235 հոդվածի 104–րդ հոդվածի 1–ին մասով։
Հարությունյանը նախընտրում էր ավելի հաճախ լինել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարիներին նրան մի քանի անգամ ձերբակալել են։ 2009թ,–ին նա Ռուսաստանում դատապարտվել է երեք տարի և երեք ամիս ազատազրկման ՌԴ ՔՕ մի քանի հոդվածներով։
Նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել նաև Հայաստանում։ Մասնավորապես, անցած տարվա հունիսին ոստիկանության աշխատակիցները խուզարկություններ են կատարել մի շարք «օրենքով գողերի» բնակարաններում, այդ թվում` Մասիվցի Անդիկի։ Արդյունքում Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել է անօրինական կերպով թմրանյութեր պահելու կասկածանքով։ Այդ փաստով հարուցվել է քրեական գործ։
Ահա այսպիսի «գողական» ճակատագիր
Այս տարվա մարտին Երևանի «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի մոտ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «օրենքով գող» 36–ամյա Հայկ Սարգսյանին։ Նա քրեական շրջաններում հայտնի է որպես «Հայկո Աստրախանսկի»։ Նրա մոտ գտել են ատրճանակ։
«Աստրախանսկու» դեմ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերել, պահել, իրացնել, տեղափոխել)։
Փետրվարին հայ «օրենքով գող» Նոդարի Ուսոյանը («Նոդար Ռուստավսկի») և ռուս «քրեական հեղինակություն» «Պոլիզվերը» (իսկական անունը` Անդրեյ Իմանալի) ձերբակալվել են Կիևի ռեստորաններից մեկում։
Հունվարին Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Արթուր Ղարիբյանը, որը քրեական օղակներում հայտնի է Արթուր Կրասնոդարսկի (ինչպես նաև Ղարիբ) անունով։
ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի «Шеф kebab & steak» ռեստորանի մոտ են ձերբակալել 44–ամյա Ղարիբյանին։ Նա իր մոտ ունեցել է չորս գրամ մեթադոն թմրանյութ։ Նրան մեղադրում են առանձնակի խոշոր չափերով թմրանյութ պահելու մեջ։
Արթուրն առաջին անգամ 2010թ.–ին է հայտնվել ճաղերի հետևում խոշոր չափերով մեթադոն պահելու համար։ Սակայն մոտ չորս ամսից նա դուրս է եկել բանտից` ստանալով պայմանական ազատազրկում։ Հետո պայմանական պատիժը խախտելու համար Ղարիբյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Անցած տարվա հունվարին Արթուրին բռնել են Կիպրոսում, բայց դատարանի ճանապարհին նրան հաջողվել է փախչել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am