«Սա չի կարող չգիտակցել ու չընկալել Նիկոլ Փաշինյանը». Գարեգին Միսկարյան
Advertisement 1000 x 90

«Սա չի կարող չգիտակցել ու չընկալել Նիկոլ Փաշինյանը». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանին թե՛ ներքին, թե՛ արտաքին վտանգներ սպառնացել են միշտ ու հիմա էլ կան դրանք։ Մեր ուժը մեր ժողովրդի մեջ է, ու սա չի կարող չգիտակցել ու չընկալել Նիկոլ Փաշինյանը։ Ժողովրդից կտրվելով` նա վտանգի տակ է դնում թե՛ իր ապագան, թե՛ Հայաստանի զարգացման։ Ըստ այդմ` կա մեկ ճանապարհ՝ դադարել շարունակել նախկինների վարած քաղաքականությունը (տնտեսական, արտաքին, ներքին), զերծ մնալ պոպուլիստական քայլերից, դադարել ձև բռնել, թե ամեն ինչ լավ է, բարձրաձայնել խնդիրների մասին, հավաքել իրական գործ անելուն պատրաստ թիմեր, սկսել իրական համակարգային փոփոխությունների լուրջ գործընթաց, հնարավորինս զսպել արտաքին ուժերի անմիջական ազդեցության տակ գտնվող գործակալների վերահսկողության դաշտերը, թուլացնել նրանց ազդեցությունը։

Էս ճանապարհին, որպես առաջին քայլ, կարող է լինել հակակոռուպցիոն միասնական անկախ մարմնի ստեղծումը։ Արարատ Միրզոյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունները լրիվ այլ տրամաբանություն ունեն։

Էդ փոփոխություններով կատարվում է մի քայլ, որը փոխանակ ավելացնի այդ մարմնի սուվերենությունը, հակառակը` անմիջականորեն չեզոքացնում է նրա կողմից անկախ որևէ գործառույթ իրականացնելու հնարավորությունը` մտցնելով կառույցը «Իմ քայլի», այն է` ՔՊ-ի, այն է` Նիկոլ Փաշինյանի անուղղակի ենթակայության տակ։ Հաշվի առնելով չիրականացված օրակարգերը` սա կարելի է դիտարկել որպես պարզ ազդակ նրա, որ չկա համակարգային, ինստիտուցիոնալ փոփոխությունների ո՛չ ցանկություն, ո՛չ կամք։ Եթե դա գիտակցաբար չի արվում, ապա լավ կլինի, որ գործընթացի համար պատասխանատուները ժամանակին կանգ առնեն և մտածեն, թե ինչ են անում։ Իսկ եթե մտածված է արվում ամեն ինչ, նշանակում է, որ հույս փայփայել Փաշինյանի կառավարության հետ այլև չարժի»։



Նման նյութեր