ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 4-ին, ժամը 13:23-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Մուսայելյան փողոցում գտնվող կահույքի սրահի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «BMW 328i» մակնիշի (վարորդ՝ Հ.Պ.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդ՝ Ս.Ն.) ավտոմեքենաները. «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ս.Ն.-ն տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, իրականացրել հերթապահություն՝ մինչ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 4-ին, ժամը 17:23-ին«911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վարորդը և ուղևորները (Վ.Դ., 1986 թ. և Հ.Լ., 1988 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ երկու ուղևորներինը՝ միջին ծանրության, այնուհետև վարորդը (ուղղաթիռով), իսկ երկու ուղևորները (շտապօգնության ավտոմեքենայով) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: