SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակում է եղել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր նշված վայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ 17-ամյա Է․Հ-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել ահազանգող քաղաքացուհի Վ․Ծ-ի ամուսնու՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Արման Հակոբյանի միջև, որի ժամանակ Է․Հ-ն հարվածել է Վ․Ծ-ին և Ա․ Հակոբյանին, պատճառելով վնասվածքներ։
Արդեն ոստիկանությունում Է․Հ-ն հայտնել է, որ Ա․ Հակոբյանը մինչ այդ ձեռքերով հարվածել է իրեն, պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ վիճաբանության ժամանակ Ա․ Հակոբյանի մտերիմներից մեկն էլ հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։
Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հակոբյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում, մինչդատական քրեական վարույթի օրինականության վերահսկողության բաժնի պետի տեղակալ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: