Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր պատմության տարբեր փուլերում մեր ժողովրդին մշտապես կանգնեցրել են դիլեմայի առաջ՝ Տիզբո՞ն, թե՞ Հռոմ, Արևմու՞տք, թե՞ Արևելք, Ամերիկայի Միացյալ Նահագնե՞ր, թե՞ Ռուսաստան:
Մեզնից միշտ պահանջել են արտաքին քաղաքական կողմնորոշում, շատ դեպքերում՝ ի հաշիվ մեր պետական ու ազգային շահերի:
Եվ մենք հաճախ տուրք ենք տվել այդ պահանջներին ու տանուլ տվել…
Մեզնից միշտ տարել են, մեզնից միշտ պահանջել են՝ թողնելով փշուրներ կամ ոչինչ…
Իմ պատկերացրած Հայաստանի համար անընդունելի է որևէ աշխարհաքաղաքական կողմնորոշում, իսկ ավելի վտանգավոր՝ որևէ աշխարհաքաղաքական առանցքին գերակայություն տալը:
Մենք որևէ մեկին հլու-հնազանդ ծառայելու խնդիր չունենք, մենք ունենք մեր շահերը համադրելու, Հայաստանը գլոբալ շահերի համադրման առանցք դարձնելու խնդիր…
Արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում մենք պետք է դեմ լինենք որևէ ՄԵՏ-ությանը:
Մենք միայն Արևմտամետ չենք, մենք միայն ռուսամետ չենք, իսկ ամենակարևորը՝ մենք հակաարևմտամետ ու հակառուսամետ չենք և չպետք է լինենք:
Ինքս աշխարհի հետ խոսելու, նրա հետ հարաբերվելու մի բանաձև գիտեմ: Դա Հայաստանի պետական ու ազգային շահերով առաջնորդվելու լեզուն է…»: