Հուլիսի 4-ին ժամը 20։10-ին ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն քաղաքում մահացել է 21-ամյա հղի կին։ Տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին նաև քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնից: Գործի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր դեպքի հանգամանքները պարզելու համար:
Նշենք, որ կնոջը մահացած գտել է հարևանը և ահազանգել շտապ օգնություն, ոստիկանությանն էլ ահազանգել է շտապ օգնությունը։ Ավելի վաղ Armeniasputnik.am-ը հայտնել էր, որ կինը նաև 2 տարեկան երեխա ունի։
Հարևանուհին մանկահասակ երեխայի ձայն է լսել տնից, գնացել է, որ տեսնի` ինչ է պատահել։ Դուռը փակ է եղել։ Բայց լուսամուտից տեսել է, որ հղի հարևանուհին ընկած է հատակին։
Լուսամուտով ներս է մտել ու ահազանգել 1-03։ Ժամանած շտապօգնությունն արձանագրել է, որ աղջիկը մահացած է։ Դեպքի ժամանակ ընտանիքի անդամներից ոչ ոք տանը չի եղել։ Կինը 7 ամսական հղի էր և սպասում էր երկվորյակ երեխաների։