Երեկ, հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում Մարմարաշենի խճուղու և Մուշ 2-րդ թաղամաս տանող խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչ 40-ամյա Գևորգ Նադոյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի 55 PN 505 համարանիշի և Ախուրյան գյուղի բնակիչ 23-ամյա Արման Կնյազյանի վարած КамАЗ մակնիշի 298 SU 46 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ վարորդ Ա․ Կնյազյանին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: