«Հուսանք` ՀՔԾ-ում Մինասյանի թիկունքին կանգնած որոշ անհատներ չեն կարողանա ազդել ՀՔԾ-ի վրա». Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Հուսանք` ՀՔԾ-ում Մինասյանի թիկունքին կանգնած որոշ անհատներ չեն կարողանա ազդել ՀՔԾ-ի վրա». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շիրակի պետհամալսարանի «գործերը» հասան ՀՔԾ. մեկ տարուց ավելի ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում դեգերումներից հետո Շիրակի պետհամալսարանում բազմաթիվ չարաշահումների, յուրացումների, կեղծիքների և այլ հանցագործությունների հիման վրա հարուցված և քննվող քրեական գործերը հասան ՀՀ հատուկ քննչական ծառայություն…

Այդ գործերի թիվը, ըստ նախնական տվյալների, 8-ն է… ՀՀ գլխավոր դատախազությունից և ՔԿ-ից ՇՊՀ-ի վերաբերյալ գործը ՀՔԾ ուղարկելը պատճառաբանվում է «գործի բարդության և ծավալի, ապացուցման առարկա հանդիսացող ֆինանսական բնույթի չարաշահումների, դրանք ընդգրկող ժամանակահատվածի և այս կամ այն կերպ համալսարանի գործունեությանն առնչվող անձանց քանակի, ինչպես նաև քրեական գործերով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ»:

Դատախազությունը և ՔԿ-ն ձեռքերը լվացին և մի կողմ քաշվեցին… Հետաքրքիր է՝ ի՞նչն էր խանգարում դատախազության և ՔԿ-ի աշխատակիցներին, որ այս մեկ տարվա մեջ չկարողացան որոշ հանցագործությունների և չարաշահումների պահով «վերջնարդյունքի» հասնել, երբ կային համապատասխան ցուցմունքներ և բազմաթիվ ապացույցներ… Մի քանի օրինակ բերեմ… Ինչո՞ւ կոնկրետ մեղադրանքներ չներկայացվեցին համապատասխան անձանց ՇՊՀ-ում կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրեր իրականացնելու համար և հարուցված քրեական գործը ձգձգվում է մինչև հիմա…

Ապացուցային բազան առկա է և այդ գործը վերջնարդյունքի բերելու համար անհրաժեշտ էր ընդամենը 10 րոպե… Սակայն մինչև հիմա կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի մատուցման վերաբերյալ որևէ առաջընթաց չկա… Բուհի նախկին վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանը, կոպտորեն խախտելով բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը և այնտեղ առկա պահանջները, 14 միլիոն դրամով դիզելային գեներատոր էր գնել համալսարանի համար, ինչի անհրաժեշտությունը ՇՊՀ-ն չուներ…

2018-ի նոյեմբերին նշանակվեց ապրանքագիտական փորձաքննություն, որի արդյունքները մինչև հիմա անհայտ են… Ըստ Գյումրիում օդում կախված լուրերի` այդ «դվիժոկն» այդքան չարժի և դրա շուկայական գինը շատ ավելի էժան է, քան դրա համար վճարված 30 հազար դոլարը…

Ուսանողական խորհրդին միլիոնավոր դրամներ տրամադրելու փաստաթղթի տակ ստորագրություն դրած անձը մինչև հիմա չի ներկայացրել համապատասխան ապացույցները՝ ՀԴՄ կտրոնները և հաշիվ-ապրանքագրերը… Գրադարանի գրքերի ոչնչացման վերաբերյալ կան ոչ միայն համապատասխան ապացույցներ՝ գրադարանի նախկին և ներկա տնօրենների համապատասխան ցուցմունքները, այլև կա պաշտոնեական կեղծիքի դրվագ, երբ ԿԳՆ-ի հաշվետվության մեջ այլ տվյալներ են նշված, իսկ ՔԿ-ին բուհի ներկայացուցիչները կեղծված տվյալներով այլ փաստաթուղթ են ներկայացրել…

ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել այն բանի համար, որ նրա վերջին ֆինանսական հաշվետվությունն ուղղակի խայտառակություն էր. բացասական սալդոն կազմում էր 242 273 000 դրամ… 1,5 միլիոն դրամի փոխարեն նույն տխրահռչակ նախկին ռեկտորը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին անհայտ պատճառներով տրամադրում է 6 միլիոն դրամ, որի համար մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել…

Ո՞ր նորմալ մարդը կարող է հավատալ, որ բուհի դահլիճի վերանորոգման համար նախկին ռեկտորը կարող էր ծախսել մոտ 250 հազար ԱՄՆ դոլար, որի մեջ չի մտնում գույքը և տեխնիկան, որոնք Համաշխարհային բանկի նվերներն են… ՆՈՐԿԵՆՏ ծրագրին մասնակցում է ԱՄՆ-ում բնակվող անձ, միլիոնավոր դրամներ շահում են սահակամերձ անձինք, որոնք բացահայտ կեղծում են անձնական տվյալները, սակայն մինչև հիմա «սայլը տեղից չի շարժվում»…

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք ապացուցման և երկար քննելու կարիք չունեին… Սակայն նույնիսկ այս «հանրահայտ» և վաղուց բացահայտված անօրինականությունները և հանցագործությունները դատախազությունը և ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչությունը չկարողացան «բացահայտել»:

Հուսանք` ՀՔԾ-ում Մինասյանի թիկունքին կանգնած որոշ անհատներ, որոնք հիմա մեծ հաճույքով համագործակցում են այս իշխանությունների հետ և մինչև հիմա ամեն ինչ արել են ՇՊՀ-ի և կոնկրետ Մինասյան Սահակի հետ կապված խայտառակ գործերը կոծկելու համար, չեն կարողանա ազդել ՀՔԾ-ի վրա և շատ շուտով «սայլը տեղից կշարժվի» և ՇՊՀ-ն ֆինանսական կոլապսի հասցրած անձը ոչ միայն ՇՊՀ-ին կփոխհատուցի վնասները, այլև կհայտնվի այնտեղ, որտեղ արժանի է…»:



Նման նյութեր