Երեւանի մետրոպոլիտենից հայտնում են, որ այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղեւորները տարհանվել են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետեւ հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղեւորները տարհանվել են: Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչեւ հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվելի»,- նշում է Կարապետյանը:
Հայաստանում առկա է էներգետիկ համակարգի վթար. հուլիսի 10-ին՝ ժամը 13-ի սահմաններում էլեկտրականության տատանումներ են գրանցվել: Հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ: «Այս պահին ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»,- ավելի վաղ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: