Հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Հովհաննես Ղավազյանը իր վարած Suzuki մակնիշի AC 230 համարանիշի մոտոցիկլետով, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում կորցրել է մոտոցիկլետի կառավարումը և վայր ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Ղավազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Հ. Ղավազյանը աշխատում է ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում՝ որպես հետաքննիչ, սակայն հիվանդանոց ժամանած ոստիկանության օպերատիվ խմբից թաքցրել է, թե որտեղ է աշխատում: Նա անգամ դեպքի վայրից հեռացնել է տվել վթարված մոտոցիկլետը՝ պատճառաբանելով, թե չի իմանում, թե ով կամ ովքեր են մոտոցիկլետը տեղափոխել վթարի վայրից: Այստեղ են ասում՝ «աշխարհ, կանգնի, իջնող կա»:
Մարդը ոստիկանության հետաքննիչ է աշխատում, պետք է լավ իմանա, որ դեպքի վայրից չի կարելի տեղաշարժ կատարել, իսկ նրա մոտոցիկլետը իրեն անծանոթ անձինք՝ ըստ իր հայտարարության, տարել են: Նա անգամ իր հետ կատարված դեպքի մասին չի տեղեկացրել վերադասին: Երևի մտածել է, դեպք է, ասեղ է, կգցենք դեզի մեջ, չի գտնվի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վթարի հատվածում տեղի են ունեցել արտոնագրված «ռալիի» մրցումներ և կան վկայություններ, որ նա նույնպես մասնակցել է ռալիին: Սակայն նա դա էլ է հերքում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: