Իշխանությունները մտահոգ են այն չինովնիկների քայլերով, որոնք վնասում են իրենց հեղինակությանը։ Կառավարությունը արդեն նոր մարտավարություն է ընտրել և թրեյնինգներ է անելու բոլոր նրանց հետ, ովքեր չեն կարողանում հավուր պատշաճի հանդես գալ լրագրողների առաջ։ Թրեյնինգների անցկացման պարտավորությունը դրված է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի վրա։
Ինչպես տեղեկացնում են Քաղավիացիայի կոմիտեի մեր աղբյուրները, կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի ասուլիսը կազմակերպել է նշված ՊՈԱԿ-ը։ Ավելին՝ ուրբաթ օրը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆաել Աֆրիկյանը երեք ժամ անցկացրել է կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի աշխատասենյակում։ Այդ ընթացքում Աֆրիկյանը հատուկ դասընթաց է անցկացրել Ռևազյանի համար՝ մանրամասն բացատրելով, թե ինչ պետք է խոսի, ինչպես պետք է պատասխանի լրագրողների հարցերին և ինչպես խուսափի տհաճ հարցերից։
Օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել Ռաֆայել Աֆրիկյանի հետ։ Աֆրիկյանը հրաժարվեց մեկնաբանել մեր տեղեկությունը։