«Ծնողիս «մամայով» էր դիմում». շիրակցի ֆերմերը հերքում է աղջկան թրաֆիքինգի ենթարկելու փաստը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Ծնողիս «մամայով» էր դիմում». շիրակցի ֆերմերը հերքում է աղջկան թրաֆիքինգի ենթարկելու փաստը. armeniasputnik.am

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավարն ու ֆերմերը կտրականապես հերքում են երիտասարդ աղջկան գոմում պահելու և նրան աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու մասին ոստիկանության տարածած հաղորդագրությունը։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանության հաղորդագրության համաձայն` Շիրակի մարզի  համայնքներից մեկում երիտասարդ աղջկան պահել են գոմում, աշխատացրել և չեն վճարել` սպառնալով սպանել, եթե նա ինչ-որ բան պահանջի։ Աղջկա պատմածի համաձայն` Վրաստանից Հայաստան նրան տարիներ առաջ բերել է իր ծանոթը և թողել սարերում։ Նա սկզբում ապրել է բաց երկնքի տակ, ապա հայտնվել ֆերմերի մոտ։ Աղջիկը չի հիշում իր տարիքը և երազում է մորը գտնելու մասին։

Համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց, որ աղջիկը՝  Աստղիկ Հարությունյանը, իրենց գյուղում ապրել է ազատության մեջ:  «Բոլորս նրան ճանաչում ենք: Աշխատում էր որպես հովիվ: Երբեք փակի տակ չի մնացել: Միշտ իրեն տեսել ենք, ազատ  խանութ է գնացել, առևտուր արել։ Նա ցանկացած պահի հնարավորություն է ունեցել թողնելու և հեռանալու, եթե  իր ասածի նման խնդիր է եղել: Անասուններին վանքի հետնամասում է արածացրել ու միշտ  մարդկանց հետ շփվելու հնարավորություն է ունեցել: Բայց թե ինչու է գնացել ու նման բան հայտնել ոստիկաններին, չգիտենք»:

Այն, որ մոտ 30-ամյա աղջիկն ազատ  է եղել  ու իր աշխատանքի դիմաց աշխատավարձ  է ստացել, մեզ հետ զրույցի ժամանակ հավաստիացնում է նաև ֆերմեր Ռուբեն Թորոսյանը, ում մետ և աշխատել է աղջիկը: «8-10 տարի է արդեն իմ մոտ չոբանություն է անում, սեփական ցանկությամբ է եկել  իմ մոտ աշխատելու: 8 կով, 80 գլուխ  ոչխար էր արածացնում:  Ազատ գյուղում ման է եկել,  խանութ է գնացել, առևտուր արել, հարևանի հարսին հիվանդատես է գնացել: Խանութում կամեռաներ կան, թող ստուգեն, ես թաքցնելու բան չունեմ:  Հեռախոս էլ ունի, քարտ  էլ, այնպես որ` դժվար չէ այս ամենը ստուգել:  Իր  աշխատանքի դիմաց 40-50 հազար դրամ է ստացել:  Ծանոթներից մեկին նույնիսկ պարտքով փող է տվել, եթե ես աշխատավարձ  տված չլինեի, իրան  փող որտեղից»,-նշում  է ֆերմերը:

Նրա խոսքով`աղջիկը եփել-թափել չգիտեր, և իր մայրն էր իր համար ճաշ պատրաստում: «Իմ մորն այնքան էր սիրում, որ «մամայով» էր դիմում»,–վստահեցնում է ֆերմերը: Ինչ մնում է անձնագիր չունենալուն, Ռուբեն Թորոսյանը նշեց, որ Աստղիկն ասել է, որ իր անձնագիրն ազգակականի  մոտն է:

«Ես ֆերմեր եմ, գրանցելու խնդիր չկար, որ անձնագիր ուզեի»,–ասաց ֆերմերը:

Աստղիկի անձնական կյանքից ֆերմերը շատ բան չգիտի: «Ես  չգիտեմ որտեղից էր, ասում են` Ախրքալակի աղջիկ է եղել, բարեկամներ ուներ, բայց չեմ տեսել»:

Մեր այն հարցին, թե  ինչու է այդ դեպքում աղջիկը նման հայտարարություն տարածել, ֆերմերը նշեց. «Ես չգիտեմ, ում էր պետք այդպիսի բաներ տարածել, բայց ենթադրում եմ, որ ինքը գնացել է այլ մարզ աշխատելու,  իր այդ քայլը արդարացնելու համար  է նման բան ասել»:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ ուղարկվել Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:

armeniasputnik.am