ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր պաշտոնավարման դադարեցման մասին:
«Իմ հրաժարականի պատճառը նախարարի՝ սեփական թիմով աշխատելու ցանկությունն էր։ Հրաժարական ներկայացնելու առաջարկը եղել է նախարարի կողմից, ես այդ թիմում չեմ տեղավորվում»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խաչիկյանն ընդգծելով, որ ինքը երբեք չի եղել որևէ կուսակցության անդամ և ապագայում էլ չի պատրաստվում անդամագրվել որևէ կուսակցության։
Ինչ վերաբերում է ապագա անելիքներին՝ Խաչիկյանն ասաց, որ դրանք շատ են. զբաղվելու է գիտամանկավարժական գործունեությամբ, միաժանակ նախատեսում է վերականգնել փաստաբանական արտոնագիրը և վերսկսել փաստաբանական գործունեությունը։
Նշենք նաև, որ օրեր առաջ Խաչիկյանը մասնակցում էր Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի քննարկմանը, որով նախատեսվում է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի մարմին։ Անդրադառնալով այդ մարմնի գործունեության արդյունավետությանը նա ասաց, որ միջավայրը, քաղաքական կամքը, մնացած բոլոր պայմաններն առկա են, որ այդ հանձնաժողովը և հակակոռուպցիոն կոմիտեն աշխատեն։
«Մնում է ձևավորենք կոռուպցիայից և հայեցողական մտածողությունից դուրս պաշտոնյաներ, ովքեր կաշխատացնեն կառույցը»,- նշեց նա։