Մատաղիսում 16 տարի առաջ երկու զինվորի սպանության քրեական գործը վերաբացվել է, և գործի քննությունը տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։
իշեցնենք, որ Մատաղիսի դեպքը տեղի է ունեցել 2003թ.։ Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար:
2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկվել է նոր նախաքննության՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվեցին:
Արայիկ Զալյանը, ով ներկայումս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ չգիտի, թե խոսքն ինչի մասին է, ոչ էլ մամուլում առկա տեղեկատվությունն է թույլ տալիս ենթադրելու, թե խոսքն ինչի մասին է։
Այն ժամանակ Մատաղիսի գործով մեղադրյալների շահերը ներկայացնող Զարուհի Փոստանջյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ գործի վերաբացումը նորություն չէ։ Այն տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ Քննչական կոմիտեին կից ստեղծված հանձնաժողովի շրջանակներում։ Դրանից հետո էլ որոշում է կայացվել գործը կասեցումից հանել և քննել արդեն ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Իսկ քրեական գործը վերաբերում է հենց երկու սպանված զինծառայողների մահվան հանգամանքներին։ Կասեցումը վերաբերում էր հենց սպանությունների գործին։ «Ես գիտեմ, որ սպանությունների գործով է նախաքննությունը շարունակվում, քանի որ կասեցումը վերաբերում էր հենց սպանությունների գործին, ժամանակին այդ գործը քննել է զինվորական դատախազությունը, բայց թե հիմա ինչու է այն քննում ԱԱԾ-ն՝ չեմ կարող ասել։ Այդ հարցին կարող է պատասխանել գլխավոր դատախազությունը»,- ասաց Փոստանջյանը։
Ամբողջությամբ՝ 1in.am