Երեկ Ռուսաստանի Կրասնոդարի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի զոհ է դարձել հայերի 4 հոգանոց ընտանիքը։ Այս մասին հայտնում է Kubnews.ru-ն։
«Ford» մակնիշի մեքենան կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց՝ բախվելով ծառին։ Վթարի հետևանքով զոհվել է 4 անձ, այդ թվում՝ 2 երեխա։ Վթարի հետևանքով մահացածները Կրասնոդարի են եկել Հայաստանից»,- նշված է կայքում։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` տուժածները Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչներ են։ Համայնքի ղեկավար Մովսես Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վթարի զոհ են դարձել 32-ամյա վարորդը, նրա 28-ամյա կինը, 4 և 6 տարեկան դուստրերը։ Ի դեպ, աղջիկներից մեկը դպրոց էր հաճախում, մյուսը` մանկապարտեզ։
«Ընտանիքի հայրը վերջին շրջանում արտագնա աշխատանքի համար էր գնում Կրասնոդար։ Գնում-գալիս էր։ Այս անգամ էլ որոշել էր ընտանիքին հետը տանել, որ մի քիչ հանգստանան։ Կինն ու երկու աղջիկները մի քանի օր առաջ էին գնացել նրա մոտ։ Ամուսինն այնտեղ ուզում էր գործ դնել, որ աշխատի, տունը պահի։ Նրանք ամուսնու հոր ու մոր հետ էին ապրում»,- ասաց նա։
Համայնքի ղեկավարի խոսքով` թե՛ կինը, թե՛ ամուսինը ծնվել-մեծացել են իրենց գյուղում, և նրանց ծնողներն էլ իրենց համայնքի բնակիչներ են։
Հիշեցնենք` տասը օր առաջ` հուլիսի 7-ին, կրկին հայեր էին մահացել Վրաստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր արգելապատնեշին և բռնկվել։ Վթարի հետևանքով 3 մարդ, որոնցից 2-ը` անչափահաս, մահացել էին, 5-ը` վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Բոլոր տուժածներն այժմ Հայաստանում են բուժում ստանում։ Վթարի հետևանքով մահացել էին վարորդի մայրը, նրա 15-ամյա որդին և նրանց սանիկը` 7-ամյա մի երեխա: