Միասին փորձենք մինչև վերջ պարզել ողջ ճշմարտությունը, հետո` միասին էլ որոշենք…
Մեզնից յուրաքանչյուրը ի սկզբանե, կամ ընթացքում իր դիրքորոշումն է ունեցել, կամ ձևավորել այս գործընթացի նկատմամբ: Արդյունքում` ոմանք չեն հավատացել, ի սկզբանե չեն սատարել, որովհետև իմացել են իրականությունը, և չեն ենթարկվել երկար տարիներ տարածվող ստի, կեղծիքի ազդեցությանը, քննադատել և դատապարտել են ակնհայտ ստի ու կեղծիքի վրա կառուցված այս «կրկեսը»:
Ոմանք, ընդ որում` նաև շատ հայրենասեր, ազգապաշտ և ազնիվ մարդիկ, իրողություններից անտեղյակ` ոգևորվել են, հույսով են լցվել, պարզապես հավատացել և նվիրվել են, տոգորվել են սին խոստումներով, նույնիսկ սիրահարված են եղել, և չեն նկատել, կամ անտեսել են ակնհայտ սուտն ու կեղծիքը:
Այժմ, քանի որ արդեն ակնհայտ է, որ այս ամենը կառուցվել էր խաբեության, ձեռնածության, կեղծիքի, բանսարկության և զրպարտության վրա, և դրա հետևանքով հիասթափությունը ահագնացող թափով աճում է, նրանք, ովքեր գիտակ են ու տեղյակ` պարտավոր են օգնել և խորհուրդ տալ մեր հայրենակիցներին
մոտավորապես այսպես.
«Սիրելի հայրենակիցներ` մի վախեցեք հիասթափվելուց, և մի հուսահատվեք:
Հիշե՛նք` հավատալը մեղք չէ:
Մեղք է` այդ հավատը չարաշահելը, խաբելը, ստելը, զրպարտելը:
Հիասթափվելը մեղք չէ, հուսահատությունն է մեղք:
Եթե նույնիսկ հիասթափվել եք, ապա երբեք մի հուսահատվեք:
Իրականում ոչ մի սարսափելի բան դեռ չի եղել: Ոչ նեղվեք, ոչ էլ ողբերգություն դարձրեք:
Մենք բոլորս էլ մեկ ազգի և մեկ երկրի զավակներն ենք, միայն մեկ նպատակ ունենք, և պարտավոր ենք ազնիվ լինել` մեկս մյուսին օգնել, բացատրել, համոզել, չմերժել միմյանց` մերժել միմյանց նկատմամբ չարությունը, վանել` սուտը, կեղծիքը, խաբեությունը, ձեռնածությունը:
Մեր պատմությունն է պարտադրում մեզ սիրել, հարգել, հանդուրժել միմյանց և դեն նետել ներքին չարությունն ու նախանձը:
Օրեցոր պարզվում է ողջ ճշմարտությունը, ջրի երես են դուրս գալիս երկար տարիներ մեր հանրության կարծիքի մեջ կարծրացած սուտն ու կեղծիքը, հերքվում են հորինված առասպելական պատմություններն ու ձեռնածությունները, պարզվում ու բացահայտվում են դրանց հեղինակները: Քիչ մնաց…
Անի Կարապետյանի գրառումը Ֆեյսբուքի իր էջում: