Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) անդամակցել է Robotex միջազգային միավորմանը: Վերջինս կոնսոլիդացնում է շուրջ 50 երկիր, որոնք գործունեություն են ծավալում ռոբոտաշինության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Հունաստանը, Էստոնիան, Կոլումբիան և մի շարք այլ երկրներ։ Ինչպես տեղեկացրեցին ԱՏՁՄ գրասենյակից, համագործակցության արդյունքում այս տարվա նոյեմբերի 9-ին ԱՏՁՄ-ն կկազմակերպի Հայաստանում առաջին միջազգային Robotex Armenia մրցույթը, որին կմասնակցեն ինչպես Արմաթ ինժեներական լաբորատորիաները, Robotex միջազգային միավորման անդամ-երկրները, այնպես էլ ոլորտով հետաքրքված անհատներ և ընկերություններ։ Այն անց է կացվելու «Խելացի քաղաք» խորագրով:
«Միությունը նպատակ է դրել Հայաստանը դարձնել ավտոմատ ռոբոտների մրցույթների կենտրոն և այդ առումով մեր երկիրը ճանաչելի դարձնելու համար Հայաստան է հրավիրում ոլորտի համաշխարհային մրցույթներ: Այս անգամ, մասնավորապես, դա Robotex մրցույթն է», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Մրցույթի նպատակն է խրախուսել ռոբոտաշինության, ծրագրավորման և դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը և հանրահռչակումը, ռոբոտաշինության ոլորտի և ճարտարագիտական մտածելակերպի զարգացումը:
Միջազգային բարձր կարգի այս մրցույթի հյուրընկալումը մեծ պատասխանատվություն լինելուց բացի նաև մեծ փորձ և ոգևորության աղբյուր կլինի ռոբոտաշինությանը տիրապետող երիտասարդների համար: Այն նշանակալի հարթակ է, որտեղ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվողները կարող են ներկայացնել իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները: