Մեկնարկել են Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար երկկողմանի փակ է:
Մինչև աշխատանքների ավարտը՝ վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ-52 հանրապետական նշանակության ավտոճանապարհով՝ Մալիշկա գյուղի միջով: