Ողբերգական դեպք Երևանում. 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ողբերգական դեպք Երևանում. 27-ամյա տղան սպանել է մորը, դանակի հարվածներ հասցրել հորն ու ինքնավնասել իրեն. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։45-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կայանից, որ Նոր-Արեշ 16 փողոցի տներից մեկի մոտից շտապօգնության բրիգադները Էրեբունի հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Մամիկոն Հակոբյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Զորիկ Ավդիշոյևի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի և բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն փողոցի 52/1 տան բնակիչ՝ 61-ամյա Անժելա Ք.-ն է, վիրավորն էլ նույն տան բնակիչ՝ 59-ամյա Գասպար Ա.-ն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Գասպար Ա-ն և Անժելա Ք.-ն ամուսիններ են, և նրանց դանակով մի քանի հարվածներ է հասցրել նրանց որդին՝ նույն հասցեի բնակիչ, 27-ամյա Արման Ա.-ն: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողներն ասում էին, որ Արմանը դանակով հարվածներ է հասցրել ծնողներին, որից հետո ինքնավնասում է արել, և նրան տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել են ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները:

Անգամ, երբ ոստիկանները մոտեցել են նրան, նա արյունոտ դանակը վերև է բարձրացրել ու չիմանալով, որ եկողները ոստիկանության ծառայողներ են, ասել է. «Ինձ էս դիրքով մի քանի հատ նկարեք, և ոստիկանները կարողացել են նրա ձեռքից խլել դանակն ու տեղափոխել հիվանդանոց: Այս պահին հայրն ու որդին հիվանդանոցում են և Երևանի 1-03 շտապօգնության ու Էրեբունու բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրանց կյանքը փրկել»:

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, խմբի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով քննիչ Վազգեն Վարդանյանը, ով այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում, և նրա որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագետները: Տան բակում, փողոցում և հարևանի տան առջև, ինչպես նաև հարևանի տան երկաթյա դարպասի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանված Անժելա Ք.-ն բանասիրական գիտությունների դոկտոր էր, ամուսինը նույնպես մտավորական է: Քննիչի որոշմամբ Արման. Ա-ն որպես կասկածյալ ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com