«Ծուխ լցվեց, բոլորը սկսեցին գոռալ». Մոսկվա–Երևան չվերթի ուղևորը մանրամասներ է պատմում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ծուխ լցվեց, բոլորը սկսեցին գոռալ». Մոսկվա–Երևան չվերթի ուղևորը մանրամասներ է պատմում

Երբ ինքնաթիռի սրահում ծուխ է լցվել, ուղևորներն իսկույն խուճապի են մատնվել ու սկսել են ճչալ։ Այս մասին պատմել է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկը, որի տեսանյութը տարածվում է համացանցում։

Այս գիշեր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող օդանավն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Ազդանշանն աշխատել է, երբ օդանավն արդեն եղել է թռիչքուղու վրա: Ուղևորներին սկսել են տարհանել։ Հրմշտոց է սկսվել, որի ժամանակ 8–ը տուժել են։

«Ինչ կարող եմ ասել, մեկնում էինք Երևան, ինքնաթիռը սկսեց թափ հավաքել, սրահը արագ ծխով լցվեց, շատ ուժեղ ծուխ լցվեց, բոլորը սկսեցին խուճապի մատնվել, գոռալ, ճչալ։ Կեցցե օդաչուն, արագ արձագանքեց, ժամանակին կանգնեցրեց ինքնաթիռը, հետո բացվեցին փրկարարական մուտքերը, բոլորին ժամանակին տարհանեցին, հրշեջները ժամանակին հասան, մեզ հետ տարան օդանավակայան, կերակրեցին, ջուր տվեցին»,– ասում է ուղևորը։

Նա վստահեցնում է, որ սարսափելի ոչինչ չկա։

«Մեզ երկրորդ ինքնաթիռ են տվել։ Հիմա երկրորդ անգամ ենք թռչելու, փորձ համար 2։ Աստված տա, որ բոլորս տեղ հասնենք, փառք Աստծո բոլորը ողջ և առողջ են»,– ասում է երիտասարդը։

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հրապարակած հաղորդագրության համաձայն` ինքնաթիռը թափավազքի փուլում ընդհատել է թռիչքը ժամը 00։55–ին ։ Անձնակազմը հաղորդել է խցիկում առաջացած ծխի մասին, և դրա հետ կապված՝ թռիչքը դադարեցնելու մասին որոշում է ընդունվել։ Ինքնաթիռում եղել են 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, տարհանումը կատարվել է փչովի սանդուղքով։ Օդանավը զննելու ժամանակ բաց կրակ չի նկատվել։

armeniasputnik.am