«Դեմ եմ արհեստականորեն բիզնեսի պայմանները լավացնելու և արհեստական պահանջմունքի ձևավորմանը»
Advertisement 1000 x 90

«Դեմ եմ արհեստականորեն բիզնեսի պայմանները լավացնելու և արհեստական պահանջմունքի ձևավորմանը»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Կարծում եմ սա կարևոր է գիտակցել, այլապես տխուր ենք սարքելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզում այսօր` հիմա կայացող բիզնես համաժողովում խոսում է պետական գնումների համակարգի մասին և ասում է հետևյալ մտքերը:

Խնդիրն է փորձել պարզել առաջիկա տաս տարվա ընթացքում պետությունը ինչ ապրանքի նկատմամբ ինչ պահանջարկ է ձևավորելու: Արդյունքում կոնկրետ ներդրողների հետ կնքել պայմանագրեր և երաշխավորել, որ գնելու ենք:

Հիմա ներկայացնեմ թե այս գաղափարը ինչ խնդիրներ է պարունակում:

Առաջին, իհարկե պետք է փորձել պարզել պետության կողմից ձեռբերվող ապրանքների և ծառայությունների նկատմամբ երկարաժամկետ պահանջարկը, սակայն…
Նախ, պետք է հասկանալ թե ինչ չափի պետական մեքենա ենք ունենալու, այսինքն պետությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում ինչ չափով և ինչ ոլորտներում է ներգրավվելու: Սրա կարևորության մասին ասել եմ Կառավարությունում դեռևս մեկ տարի առաջ Տ.Ավինյանի կազմակերպած խորհրդատվական հանդիպումներից մեկի ժամանակ:
Պետական մեքենայի ներգրավման մասին դրույթներ կան նաև ՀՀ սահմանադրության մեջ, այն է` սոցիալական շուկայական տնտեսություն: Սա ենթադրում է պետության կողմից որոշակի ներգրավվածություն, որը չափվում և կանխատեսվում է ելնելով առաջիկա տարիների ռազմավարական ծրագրերով ամրագրած դրույթներից: Սա էր պատճառը, որ ինքս քննադատում էի Կառավարության ծրագրի վատ որակը, որը հնարավորություն չի տալիս այս կանխատեսումը անել:
Հետևաբար, այն որ պետության կողմից ձևավորվող պահանջարկի ծավալները պետք է պարզել կասկածից վեր է, սակայն ՈՉ այն համատեքստում, որ Փաշինյանն է ներկայացնում:

Երկրորդ, պետությունը մասնավոր հատվածի կողմից արտադրվող ապրանքների և ծառայությունների սպառման երաշխավոր չի կարող դառնալ: Սա անելու դեպքում կունենանք քվազի պլանային տնտեսություն` իր հետևից բերելով շուկայական հարաբերությունների խաթարման լրջագույն խնդիրներ, նաև նոր սերնդի օլիգարխների ձևավորում կունենանք:
Փաշինյանի առաջարկած մոդելը ներհատուկ է օլիգարխոֆեոդալական կառուցվածքով պետություններին, օրինակ` Ղազախստան (ի դեպ, չեմ հասկանում թե այս տարօրինակ գաղափարների աղբյուրը ովքեր են):
Էնտեղ այդպես էլ անում են, մասնավորը, որը հենց օլիգարխն է, արտադրում է, օրինակ անորակ մեքենաներ, պետությունը դա գնում և կամ հանրային միջոցներից համաֆինանսավորում, որ քաղաքացիներն էլ գնեն:
Այս պարագայում ոչ միայն շուկայական տնտեսության խաթարման և օլիգարխների նոր սերնդի ձևավորման վտանգներն են առաջ գալիս, այլ նաև միանշանակ այս մոդելը չի նպաստելու մրցակցային ապրանքների արտադրմանը:
Պետությունը չի կարող երաշխավորել ապրանքների և ծառայություների գնում նաև այն պատճառով, որ պետության խնդիրները նաև սոցիալ-տնտեսական կյանքում ներգրավվածության ձևաչափը (նույնիսկ եթե ինչպես վերևում եմ գրել նախորոք պարզել ենք տնտեսության մեջ պետության մասնակցության չափն ու ուղությունները) ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել և դա կհանգեցնի հինգ տարի առաջվա ցանկալի ապրանքի նկատմամբ կարիքի վերացման:
Դեռ չեմ նշում այն պարզ հանգամանքը, որ շուկայական մրցակցության պայմաններում շատ ապրանքների տեխնիկական բնութագրեր և որակական հատկություններ անընդհատ փոխվում են` գրեթե ամեն տարի, եթե ոչ ավելի հաճախ: Իսկ եթե պետությունը պարտավորվել էր գնել հինգ տարի առաջվա թվացյալ լավ ու պիտանելի ապրանքը, որը այլևս կորցրել է իր արդիականությունը, ապա ի՞նչ: Պետք է գնենք ու թափե՞նք, թե՞ խրախուսենք սովետական ժամանակների անորակ, անպետք և ոչ մրցակցային արտադրանքի արտադրություն:

Հետևաբար, հարց է առաջանում, բա ի՞նչ անենք, որ տնտեսություն զարգացնենք:
Ամեն ինչ շատ պարզ է, ինչպես շարունակաբար կրկնում եմ, հարկավոր է կառուցել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներ, այսինքն ստեղծել միջավայր, որը կտանի կայուն զարգացման: Լուծումը անչափ պարզ է , բայց ամենաքիչ ցանկալին, քանի որ ժամանակատար է և ուշ երևացող արդյունքներով: Արագ լուծումներ չկան ընկերներ, ոչ մի իշխանություն, այս ճանապարհի ընտրության դեպքում չի քաղելու այս ճանապարհով ստեղծվով բարիքների քաղաքական պտուղները, սակայն միանշանակ է, որ սա է զարգացման ուղին և դա այլընտրանք չունի:
Օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի: Որևէ ներդրող Հայաստանը չի կարող դիտարկել իր արտադրանքի սպառման համար հեռանկարային տնտեսական տարածք մի պարզ պատճառով: Հերիք չի երեք միլիոնից էլ քիչ ենք, մի բան էլ պակասում ենք: Հետևաբար այդ ներդրողը, եթե Հայաստան էլ գա, պետք է մտածի արտահանման մասին, ուստի նայելու է թե ինչ որակի ճանապարհներ և արտահանմանը նպաստող այլ ենթակառուցվածքներ ունենք (օրինակ` սահմանային անցակետեր, օրինակ` մթերման մեծ հաբեր, եթե գյուղատնտեսական ապրանքի մասին ենք խոսում): Սրանք մեզ մոտ շատ վատ վիճակում են կամ գոյություն չունենալու հաշիվ են, հետևաբար միայն արտահանման մասով աշխատելու դեպքում ահռելի գործ կա անելու:
հ.գ.
Ինքս վերջերս մի նախաձեռնությամբ եմ հանդես եկել և որոշ նախնական քննարկումներ ծավալել պետական պաշտոնյաների հետ այն մասին թե ոնց խրախուսենք, որ բանակի համար շոր կարող արտադրողները որոշ ծավալի գործունեություն սահմանային գյուղերում իրականացնեն: Սակայն, սա ոչ մի կերպ չպետք է լինի որակի և գնի հաշվին, ինչը կնշանակի այստեղ պետք է գործել շատ զգուշավոր, որ մրցակցային դաշտը չխեղաթյուրվի: Դեմ եմ արհեստականորեն բիզնեսի պայմանները լավացնելու և արհեստական պահանջմունքի ձևավորմանը: Սա հանգեցնում է ոչ մրցակցային, վատ որակի և թանկ ապրանքների»:



Նման նյութեր