Խոշոր հրդեհ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ողջաբերդ գյուղի վերջնամասում տան տանիք է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարները, սակայն մինչ նրանց ժամանումը, տան տերերն ու գյուղացիները իրենց ուժերով պայքարել են կրակի տարածման դեմ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Եթե հրշեջներին Երևանից ուղարկեին, ճանապարհի հեռավորությունը 7-8 կմ էր, նրանք ավելի շուտ կհասնեին ու վնասը այդքան մեծ չէր լինի, մինչդեռ հրշեջները ժամանել են Աբովյանից ու կտրել անցել են 30-35 կմ ճանապարհ:

Ճիշտ է՝ եկած հրշեջները իրենց գործն արեցին, հանգցրեցին կրակը, բայց եթե 7 կմ հեռավորության վրա գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատը գար, ավելի ճիշտ կլիներ, դա մեր կարծիքն է, գուցե վերևներում կաբինետներում նստած որոշել են, որ 30-35 կմ հեռավորության վրա գտնվող ջոկատը պետք է գա:

Էլի գոհ ենք, որ մարդկային կորուստներ չենք ունեցել, բայց հույս ունենք, որ Կոտայքի մարզպետարանը կամ բարեգութ մարդիկ օգնության ձեռք կմեկնեն և տանիքը մեր ուժերով կկառուցենք»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տունը պատկանում է 46-ամյա Վարշամ Պապիկյանին և ընտանիքը բաղկացած է 8 հոգուց: Նրանց միակ ապրուստի միջոցը իրենց կողմից աճեցված միրգն է :ու դժվար թե ընտանիքը կարողանա միայնակ լուծել տանիքի վերանորոգման խնդիրը:

SHAMSHYAN.com-ը նույնպես խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ընտանիքին, որի անդամներից 2 զինվորներ այս պահին իրենց պարտքն են կատարում Հայաստանի և Արցախի անվտանգության ուղղությամբ:

Նրանք ժամկետային զինծառայողներ են: Վստահ ենք նաև, որ Կոտայքի մարզպետարանը անմասն չի մնա սոցիալապես անապահով այս ընտանիքին օգնելու գործում: Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com