Կարինե Հարությունյան, Սեպտեմբերի 1–ից դասագրքերի առումով փոփոխություն է լինելու, և 48 անուն դասագիրք երկհատորանի են լինելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։
«Այս ուսումնական տարում գրեթե բոլոր դասարաններում կունենանք դասագրքեր, որոնք բաղկացած կլինեն երկու հատորից։ Սրա հիմնական նպատակը դպրոցական պայուսակների բեռնաթափումն է, քանի որ առողջապահության նախարարությունը, ծնողները հաճախ են խոսում աշակերտների պայուսակների ծանր լինելու մասին։ Այս ուսումնական տարում արդեն 48 դասագիրք երկհատորանի կդառնան»,–ասաց նա։
Արշակյանի խոսքով` երկհատորանի կդառնան այն դասագրքերը, որոնք այս տարի պետք է վերահրատարակվեին. քանի որ փոփոխությունը նաև ծախսատար է, դրա համար էլ նախարարությունը քայլ առ քայլ կգնա դրան։ Նա հայտնեց նաև, որ 5-12-րդ դասարանցիների գրքերը վերահրատարակվում են 5 տարին, իսկ տարրականներինը` 3 տարին մեկ անգամ։
«Նման փոփոխության գնալուց առաջ մենք հանդիպել ենք հրատարակիչների հետ, քննարկել այն հարցը, թե դասագրքերն ինչպես կիսել, որպեսզի որևէ բովանդակային խնդիր չլինի։ Մենք ունենք դասագրքեր, որոնց վերջում հավելվածներ, բառարաններ կան, և երկհատորանի դառնալուց հետո էլ վերոնշյալ դասագրքերը կշարունակեն պահպանել իրենց կառուցվածքը»,–ասաց Արշակյանը։
Բոլոր դասագրքերը երկհատորանի չեն լինի, քանի որ կան դասագրքեր, որոնք կիսելն իմաստ չունի. ծավալային առումով արդեն իսկ փոքր են, օրինակ` «Երաժշտություն», «Շախմատ», «Տեխնոլոգիա» և «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքերը։
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դպրոցական ծանր պայուսակը ոչ ճիշտ կրելու դեպքում կարող է առաջանալ ողնաշարի ծռություն, մկանային խնդիրներ։ Նրա խոսքով` երեխաները հաճախ դպրոցական պայուսակը սխալ են կրում։
«Ծանր պայուսակն աշակերտները հաճախ գցում են միայն մեկ ուսին, ինչն էլ կարող է հանգեցնել հենաշարժական համակարգի և մկանային խնդիրների։ Կարծում եմ` նախարարության որոշումը կարող է խնդրի շատ լավ լուծում լինել, քանի որ դպրոցական պայուսակի քաշը գրքերի ծանրությունից է կախված, այսինքն` դպրոցական պայուսակում հենց գրքերն են ամենածանրը»,–ասաց նա։
Մասնագետի խոսքով` դեռ 2017–ին առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է դպրոցական պայուսակների քաշը։ Ըստ այդմ` դասագրքերի և գրենական պիտույքների քաշը 1-ին, 2-րդ դասարանցիների համար չպետք է գերազանցի 1,5 կգ–ն, իսկ 3-րդ, 4-րդ դասարանցիների համար` 2 կիլոգրամը։ 5-6-րդ դասարանցիների պայուսակը պետք է կշռի 2,5 կգ, իսկ 7-8-րդ դասարանների սովորողների համար՝ 3,5 կգ։ Դպրոցական պայուսակի առավելագույն քաշը 4 կգ–ն է, որն ավագ դպրոցի` 9-12–րդ դասարանցիների պայուսակների համար է սահմանվել։
Նշենք միայն, որ մինչ այս ծնողները քանիցս բողոքել են ծանր պայուսակներից` ասելով, որ տարրական երեխաների դպրոցական պայուսակը, օրինակ, կշռում է ոչ պակաս, քան` 2.5-3 կգ–ն։