ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում մահացած զինծառայող Համիկ Վարդանյանի մահվան գործով նախաքննություն է ընթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 22-ին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ցանկացած մեկ զինծառայողի, մեր մեկ գործընկերոջ մահն անվերականգնելի է, և բարոյապես բոլորիս վրա ազդում է: Դեպքերի թվի հետ կապված՝ ունենք որոշակի նվազում, բայց նաև ունենք որոշակի թերություններ, որոնք թույլ չեն տվել վաղօրոք բացահայտել մեր զինծառայողի այդ հոգեվիճակը»,- ասաց Տոնոյանը:
Նախարարը նշեց՝ պետք էր շատ ավելի աշխատել՝ հավելելով, որ համապատասխան հանձնարարությունները տրված են:
«Ավելին չեմ կարող ասել, որովհետև նախաքննություն է իրականացվում»,- նշեց նա:
Հուլիսի 21-ին ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000 թ. ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին։ Զինծառայողը վնասվածք էր ստացել ճակատի շրջանում: