Վիլյամ Սարոյանի մասին, թվում է, հայտնի է ամեն ինչ: Բոլորը գիտեն նրա մասին նույն ինֆորմացիան. Վիլյամ Սարոյան. ծնունդով` հայ, աշխարհահռչակ գրող: 2008թ. լրացավ նրա ծննդյան 100-ամյակը: Սակայն նրա անձնական կյանքի շատ մանրամասներ հայտնի են միայն նեղ շրջանակներին, մասնագետներին եւ նրանց, ում համար Սարոյանն առաջինն է, ու վերջ: Ստորեւ կփորձենք ներկայացնել ոչ այնքան հայտնի փաստեր նրա կյանքից: Մինչ այդ հիշենք, որ Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում: Ամուսնու մահից հետո Թագուհի Սարոյանը ստիպված էր մանկատուն հանձնել երեխաներին: Հոր մահն ու մանկատուն տեղափոխվելը մեծ փորձություն էին փոքրիկ Վիլյամի համար: Այդ շրջանն այսպես է հիշում Սարոյանը. «Մանկատան ճանապարհին ես սկսեցի լաց լինել: Մայրս նախատեց ինձ` ասելով` «Դու արդեն տղամարդ ես, իսկ տղամարդը չի լալիս»: Ես դադարեցի լաց լինել»: Տարիներ անց Սարոյանին նվիրված գրքում որդին` Արամ Սարոյանը, հոր այս փորձությունը համեմատեց պարզ ու մաքուր գետի հետ, որը կտրուկ եղանակի փոփոխության պատճառով ստիպված էր վերածվել սառցադաշտի, սակայն իր պարզությունը չկորցնելով` արտացոլեց շրջապատի գեղեցկությունը:
Վերադարձը մանկատնից չդարձավ վերադարձ դեպի կյանք, ինչպես կարծում էր գրողը: Աշխատանքը հեռագրատանը փշրեց նրա բոլոր հույսերը: Նա ստիպված էր օգնել մորը, ով ոչինչ չէր խնայում ընտանիքի գոյատևման համար: 13-ամյա երեխայի համար դա բարդ փորձություն էր: Հետագայում նա իր հուշերում գրում է. «Մի օր հարևան երեխաներն ինձ կանչեցին բեյսբոլ խաղալու, և ես, շատ լավ գիտակցելով, որ պետք է մնացած թերթերը վաճառեմ, չկարողացա հրաժարվել այդ առաջարկից և միացա ընկերներիս: Հանկարծ լսեցի մորս ձայնը.
– Ինչո՞վ ես զբաղված:
– Խաղում էի, մայրի՛կ,- պատասխանեցի ես:
Մորս մեկ հայացքը բավարար եղավ, որ վերադառնամ աշխատանքիս: Այդ օրվանից հետո հասկացա, որ չպետք է նմանվեմ մյուս երեխաներին»:
Սարոյանը սկսեց գրել արդեն մանուկ հասակում: Սակայն նա երևակայական պատմություններ չէր հորինում, այլ արտացոլում էր շրջապատող աշխարհը` իր լավ և վատ կողմերով: Գրող դառնալու ճանապարհին նա շատ փորձություններով է անցել. եղել է բատրակ, սևագործ բանվոր, փոստատար, վարձու զինվոր և այլն: Եվ այդ ամենի հետ մեկտեղ՝ նա գրել է:
1933թ. հայկական ամսագրերից մեկում լույս տեսավ Սարոյանի պատմվածքներից մեկը, որը մեծ հաջողություն բերեց նրան: Մեկ տարի անց նրա «Խիզախ պատանին մարզաձողի վրա» վիպակը այնպիսի հաջողություն ունեցավ, որ երիտասարդ հեղինակին հրավիրեցին Հոլիվուդ:
1940թ. նա արժանացավ ԱՄՆ-ում ամենախոշոր գրական «Պուլիտցերյան մրցանակի»: Սակայն Սարոյանը հրաժարվեց մրցանակից` հայտարարելով, որ դրամի ուժն իրավունք չունի խնամակալելու արվեստը: Նա իրեն համարում էր ազատ և անկախ գրող: Սարոյանի անկախության ձգտումը բերեց նրան, որ 1942թ. նա հիմնեց իր սեփական թատրոնը, որը երկար չգոյատևեց: Նույն թվականին նրա «Մարդկային կատակերգությունն» էկրանացվեց Հոլիվուդում: Այսպիսով Սարոյանը դարձավ ճանաչված գրող:
Սարոյանի ողջ կյանքն արտացոլվել է նրա գրքերում: Նրա բոլոր ստեղծագործությունները մի անվերջանալի պատմություն են իր մասին: Նա իր ընթերցողի հետ խոսում է պարզ ու մատչելի լեզվով, իր իսկ բնորոշմամբ` «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնը` բոլորի համար աշխարհում»: Ստեղծագործություններում առավելագույնս օգտագործել է իրեն հարազատ «հայկականությունը»: Նա գտնում էր, որ իր գրական արտադրության լավագույն տարրը հայկականությունն է, սակայն դրա հետ մեկտեղ՝ նա իրեն նաև համարում էր ամերիկացի: Իր իսկ բնորոշմամբ` հայ` արյունով, ամերիկացի` միջավայրով: «Հայաստանը ես սիրեցի միանգամից,- հիշում էր Սարոյանը,- այդ սերը հայրենիքիս հանդեպ շատ ավելի վաղ էր դրոշմված իմ սրտում»: Նա անընդմեջ ճամփորդում էր` շրջագայություններ Եվրոպա, աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում և հայրենիք` Հայաստան: Առաջին անգամ Սարոյանը եղել է Հայաստանում 1935թ., ապա 1960, իսկ 1975-ին այստեղ նշել է իր 70-ամյակը:
Նա հազվադեպ էր կարողանում ժամանակ հատկացնել ընկերներին, հարազատներին: Վերջապես մի օր որոշում է հանդիպել ընկերներին: Այս հանդիպման ընթացքում Սարոյանի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Քերոլ Մարկուսի հետ: 17-ամյա շիկահեր գեղեցկուհի Քերոլը մի ակնթարթում գերում է Սարոյանին: Քերոլը խիստ տարբերվում էր Սարոյանին շրջապատող կանանցից: Նա հաճախ էր մորից և քույրերից բացասական կարծիքներ լսում նմանատիպ կանանց հասցեին: Չնայած մի շարք տարբերություններին, որ բաժանում էին Վիլյամին ու Քերոլին` նրանց միավորում էր այն, որ երկուսն էլ գաղթականներ էին` ամերիկյան աշխարհին չպատկանող ազգություններ: Քերոլ Մարկուսը` հրեա, ինչը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց, Սարոյանը` հայ: Չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943թ. փետրվարյան ձնառատ մի օր նրանք ամուսնացան: Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943թ. լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946թ. ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի:
Ամուսնու և կնոջ միջև հաճախ էին տարբեր առիթներով վեճեր առաջանում: Սարոյանին կնոջ հետ հաճախ կարելի էր հանդիպել Չարլի Չապլինի և Օոնա Օ’նեիլի հետ, ով Քերոլի մանկության ընկերուհին էր: Հերթական հանդիպումից հետո` Սարոյանը կնոջ հետ վերադառնալով տուն, բացահայտեց մի բան, որը Քերոլը տարիներ շարունակ թաքցնում էր ամուսնուց: Նա համարձակություն չէր գտնում Սարոյանին հայտնելու իր ազգային պատկանելության մասին, լավ գիտակցելով, որ ամուսինը չէր ների իրեն: Շատ անգամներ էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը. «Ոչինչ աշխարհում չի կարող մեզ բաժանել, եթե, իհարկե, հրեա չես»:
Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր դեռ մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ մանկության իր այս հուշը: Տասներկու տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսավ մեծ տառերով գրված՝ «Զեղչ»: Ուրախանալով` ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր` «Հայերին մուտքն արգելվում է»: Այդ գիշեր Քերոլը որոշեց վերջ դնել իր ստին: Ամուսինները գրկախառնված պառկած էին. հանկարծ Քերոլը արտասանեց.
– Ես հրեա եմ:
Վիլյամն անմիջապես ցատկեց մահճակալից.
– Ինչպե՞ս թե, ճի՞շտ հասկացա քեզ, ուզում ես ասել, որ դու հրեա՞ ես: Դե վե՛րջ տուր, փոքրի՛կս, քեզանից ի՞նչ հրեա: Ինչպե՞ս կարող է քեզ նման գեղեցկուհին հրեա լինել:
Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ վեց տարի:
Ամուսնալուծությունից հետո Քերոլը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել նախկին ամուսնու հետ, սակայն ապարդյուն: Սարոյանը ստեղծագործում էր, ճամփորդում: Քերոլ Մարկուսը երիտասարդ, գեղեցիկ կին էր, և ոչ մեկի համար զարմանալի չեղավ այն նորությունը, որ որոշ ժամանակ անց ստացավ ամուսնության առաջարկություն և, երկար չմտածելով, համաձայնեց ամուսնանալ մեկի հետ, ով շատ նման էր նախկին ամուսնուն` նույնպես հայտնի, տարիքով մեծ, սակայն, ի տարբերություն Սարոյանի` հարուստ և ռոմանտիկ: Սարոյանին ցնցեց այն լուրը, որ Քերոլը պատրաստվում է ամուսնանալ: Նա արեց հնարավորն ու անհնարինը` հետ բերելու Քերոլին: Խնդրեց ևս մեկ հնարավորություն տալ իրեն: Քերոլը շուտով համաձայնվեց երկրորդ անգամ ամուսնանալ Վիլյամի հետ: Անմիջապես երկրորդ հարսանիքից հետո նրանք մեկնեցին մեղրամսի: Մի քանի օր անց նրանց միացավ Չապլինը` կնոջ հետ` իրենց զբոսանավով: Զույգերը հիասքանչ ժամանակ անցկացրին:
Երկրորդ ամուսնությունը ևս զերծ չմնաց տարաձայնություններից: Ամուսինների ամենօրյա վեճերն, ի վերջո, բերեցին երկրորդ ամուսնալուծությանը: Նրանք բաժանվեցին. Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն: Քերոլը ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի կին էր: Նա հանդիմանեց ամուսնուն և ամեն գնով վերադարձրեց երեխաներին: 1959թ. Քերոլն ամուսնացավ հայտնի բեմադրիչ Վոլտեր Մեթյուի հետ: Երեխաները հոր հետ հաճախ էին հանդիպում, Սարոյանը գումար էր հատկացնում նրանց: Չնայած այս ամենին` երեխաները, հատկապես որդին, բարդ հարաբերությունների մեջ էին հոր հետ: Ոչ ոքի չէր հաջողվում մեղմել տարաձայնությունը հոր և որդու միջև: Տարիներ անց Սարոյանը ծանր հիվանդացավ: Հիվանդությունը լիովին քայքայեց նրան: Նա գիտեր, որ արդեն 2 տարի տառապում է քաղցկեղով: Հիվանդությունը գլուխ բարձրացրեց. Սարոյանին հաշված ժամեր էին մնացել:
Լյուսին յոթ տարի չէր հանդիպել հորը: Այդ օրերին նա ճանապարհ ընկավ, խելագարի պես հասավ հիվանդանոց` վերջին հրաժեշտը տալու հորը: Որդուն Սարոյանը չէր ցանկանում տեսնել: Արամը երկու շաբաթ սպասեց, մինչ որոշեց տեսնել հորը մահից առաջ: Նախքան այդ նրանք երեք տարի չէին հանդիպել: Հանդիպումը որդու և թոռնուհու հետ շատ հուզիչ էր: «Ես գրկեցի հորս և համբուրեցի նրա ճակատը,- պատմում էր Արամ Սարոյանը,- և հանկարծ լսեցի թույլ ձայնով արտասանած նրա այս խոսքերը.
– Շնորհակալ եմ, Արա՛մ:
– Ես եմ շնորհակալ, հայրի՛կ:
– Սա կյանքիս և արդեն մահվանս ամենաերջանիկ օրն է,- թույլ ձայնով շշնջաց հայրս»:
Վիլյամ Սարոյանը մահկանացուն կնքեց` նախապես կտակելով իր աճյունից մի բուռ հանձնել հայկական հողին: Կատարվեց մեծանուն գրողի վերջին կամքը: Այժմ պանթեոնում` մյուս հայ արժանավորների կողքին, գտնվում է նրա գերեզմանը:
Լուսինե Մուշեղյան
«3 Միլիոն»